«Վերնիսաժի կրակոցների» գործով այսօր ժամը 12.30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը գտնվում էր խորհրդակցական սենյակում:
Նա դուրս եկավ ժամը 15.20-ին: Դատարանը բավարարեց ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը: Նրա պաշտպանյալը ՝ Գոռ Առաքելյանը կենթարկվի դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության: Փորձագետներին կառաջադրվեն հետեւյալ հարցերը, թե մեղսագրվող արարքը կատարելու պահին Գոռ Առաքելյանի մոտ որևէ հոգեկան հիվանդություն եղե՞լ է, այդ թվում՝ իրավիճակով պայմանավորված հոգեկան պաթոլոգիաներ առաջացե՞լ են, թե ոչ, եթե այո, ապա դրանք նրան զրկե՞լ են արդյոք իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակությունից:
Դատարանի որոշմամբ առաջադրվեցին նաեւ հետեւյալ հարցերը: «Մեղսագրվող արարքը կատարելու պահին Գոռ Առաքելյանը եղել է մեղսունա՞կ, սահմանափա՞կ մեղսունակ, թե՞ անմեղսունակ, մեղսագրվող արարքը կատարելու պահին Գոռ Առաքելյանը գտնվե՞լ է արդյոք աֆեկտի վիճակում, թե՝ ոչ, մեղսագրվող արարքը կատարելու պահին Գոռ Առաքելյանը գտնվե՞լ է արդյոք այնպիսի հուզական վիճակում, որը կարող էր էապես ազդել նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա»:
Կարդացեք նաև
Դատարանին կներկայացվի փորձաքննություն անցկացնող հանձնաժողովի կազմը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ