Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Համագործակցումը և՛ եվրոպական, և՛ եվրասիական կառույցների հետ այլընտրանք չունի»

Մայիս 19,2015 17:55

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Վերջին օրերին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հերթական շոշափելի արդյունքն է գրանցել եվրոպական քաղաքական դաշտում։ Կառույցը մոտ 40 երկրի 250 պատվիրակների կողմից միաձայն ընտրվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության՝ ԵԺԿ-ի Երիտասարդական կազմակերպության անդամ։

Ասել, թե նման հեղինակավոր կառույցներին անդամակցելը հեշտ է, ճիշտ չէ։ Դրան նախորդում է տարիների հետևողական, դժվարին աշխատանք։ Եվ դա նշանակում է, որ մեր երիտասարդների գործը տեսանելի է, մենք կարողացել ենք խոսել իրենց լեզվով, մեր ծրագրերն ու գաղափարները մրցունակ ու տեսանելի են եվրոպական համայնքում։

Եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության մեր շրջանակը շատ լայն է՝ «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամ, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտ, Եվրոպայի ԴԵՄԻԿ կազմակերպություն և այլն։ Ավելին ասեմ, ՀՀԿ ԵԿ-ն ԴԵՄԻԿ-ում ներկայացված է փոխնախագահի պաշտոնով։ Ընդամենն օրեր առաջ Երևանում մեր կառույցը հյուրընկալել էր ԴԵՄԻԿ-ի խորհրդի հավաքը, որն անցավ բավականին արդյունավետ աշխատանքային մթնոլորտում, և որի կազմակերպումն ու անցկացումը տպավորվել էր մասնակիցների մոտ։

ԵԺԿ-ի Երիտասարդական կազմակերպության համագումարում Հայաստանն ունեցել է ևս մեկ նշանակալի ձեռքբերում. ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև, որով կոչ է արվում Եվրամիության և Եվրախորհրդարանի անդամ երկրներին ապրիլի 24-ը սահմանել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Առաջիկայում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը նախատեսում է հաղթահարել ևս մեկ հանգրվան. անդամակցել «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպությանը՝ EDS-ին, որն արդեն նոր հարթակ է տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող ուսանողների համար։

Անդամակցությունը նման կառույցներին մեծ նվաճում է ոչ միայն կուսակցական երիտասարդների, այլև Հայաստանի համար, քանի որ մինչև մեզ ճանաչելն ու մեզ հետ համագործակցելը միջազգային կառույցները տարածաշրջանային շփումներն իրականացնում էին ադրբեջանական և թուրքական կառույցների միջոցով՝ լսելով միակողմանի մեկնաբանություններ։

Համագործակցումը և՛ եվրոպական, և՛ եվրասիական կառույցների հետ այլընտրանք չունի։ Մենք պետք է կարողանանք առավելագույնս ինտեգրվել բոլոր մակարդակներում և բոլոր այդ հարթակներն օգտագործել ի շահ մեր երկրի, ի շահ մեր երիտասարդների։ Նման անդամակցությունները միջոցներ են մեր ձայնն աշխարհին ավելի լսելի ու ազդեցիկ դարձնելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031