Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի նոր «պաշտպանի» վիրավորանքները՝ Զարուհի Փոստանջյանին

Մայիս 19,2015 18:05

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր Հայկ Գրիգորյանը սկսեց վիրավորել իր գործընկերոջը: Նա անուններ չհնչեցրեց, բայց հասկանալի էր, որ խոսքը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մասին էր: Նա սկսեց վիրավորել կին պատգամավորին՝ ի պաշտպանություն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի:

Հայկ Գրիգորյանն ասաց, որ մտադիր չի եղել հայտարարությամբ հանդես գալ, սակայն տեսնելով, թե ինչպես է իր գործընկերը «զարկ տալիս իր երեւակայությանը եւ անիմաստ ու բովանդակազուրկ մտքեր արտահայտում այս բարձր ամբիոնից», չի կարող չպատասխանել նրան. «Ընդհանրապես դահլիճում կան հատուկենտ մարդիկ, որ շունչները պահած սպասում են, որ մի դժբախտ դեպք տեղի ունենա Սյունիքում եւ հատկապես Գորիսում, որ նրանք էլ սկսեն իրենց նեխած մտքերը կամ Գյուլնազ տատու հեքիաթները մատուցեն հանրությանը»:

Անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած վերջին դեպքերին՝ նա ասաց, որ ցանկացած մարդու համար դատապարտելի են դրանք. «Իմ մոտեցումը հետեւյալն է, ցանկացած մարդ, եթե անօրինական քայլ է կատարել, պետք  է ենթարկվի պատասխանատվության: Բայց դատապարտել բառը որոշ գործընկերներիս մոտ դարձել է փնովել բառի հոմանիշ»:

Ըստ Հայկ Գրիգորյանի, Զարուհի Փոստանջյանն աշխատում է Սուրիկ Խաչատրյանի որդուն դարձնել մեր ժամանակների հակահերոս: Նա հորդորեց վերջ տալ այդ տգեղ սովորությանը՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելով՝ ուրիշներին փնովել՝ նրանց վրա ցեխ շպրտելով. «Հիմա եթե հետաքննությունը պարզի, որ Տիգրան Խաչատրյանի մեղքը այդ դեպքում հավասար է 0-ի, այսինքն, որ նա ընդհանրապես կապ չունի տղաներին հարվածելու կամ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, կլինի՞ այն աստիճան բարոյականություն, որ հրապարակային ներողություն կխնդրեք ձեր հայտարարությունների համար: Անկեղծ ասած, շատ եմ կասկածում»:

Նա խոսեց Զարուհի Փոստանջյանի հոգեկան առողջության մասին. «Բազմազավակ մորը պատրաստ եմ տրամադրել համապատասխան հոգեկան եւ ֆիզիկական աջակցություն, որի համար կդիմեմ համապատասխան մասնագետների: Այդ գործելաոճը պայմանավորված է գործընկերոջս ընտանիքում խաղաղության մթնոլորտի հաստատմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031