Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում մի նոր արվեստ է ծաղկում՝ «խրխնջիզմ». Նիկոլայ Ծատուրյան

Մայիս 19,2015 16:52

«Վերջին տարիներին մարդիկ սկսել են ավելի քիչ հաճախել թատրոն»,- ասում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանը: Նա դա կապում է երեք հիմնական գործոնների հետ՝ հասարակության սոցիալական վիճակ, արտագաղթ, գովազդի պակաս:

«Մեր հասարակությունն այսօր առաջին հերթին հացի խնդիր է լուծում, հետո նոր մտածում թատրոն գնալու մասին: Թատերասերները, որոնք կարող էին մեր ամենօրյա հանդիսատեսը լինել, հիմնականում չունևոր խավից են, իսկ ունևորները, մեծահարուստները հրավիրելու դեպքում են գալիս, առիթից առիթ: Այնպես չէ, որ նրանք կարող են հանկարծ որոշել ու գնալ թատրոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Ն. Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է գովազդին, Մայր թատրոնի փոխտնօրենն ասում է, որ այն թանկ է, և թատրոնը դրա հնարավորությունը չունի, ստիպված է բավարարվել միայն անոնսով, որը դեռ գովազդ չէ:

Նրա խոսքով՝ մեր բոլոր թատրոնների վրա վատ է անդրադարձել նաև դպրոցականների՝ թատրոն չհաճախելը: «Դպրոցներին խստիվ արգելել են: Կարծես թե ավազակային ինչ-որ բան է կատարվելու թատրոնում, որ թույլ չեն տալիս,- ասում է Ն. Շահնազարյանը.- տարիներ առաջ դպրոցները հաճելիորեն կապվեցին թատրոնի հետ: 8-րդ դասարանից բարձր աշակերտները մեր մշտական հանդիսատեսներից էին, այսինքն՝ դաստիարակվում էր վաղվա հանդիսատեսը: Ես հիշում եմ, թե սկզբում ինչքան դժվար էր նրանց հետ. չէին լսում, սուլում էին, իսկ հետո ոչ լայն հանդիսատեսի համար նախատեսված ներկայացումներն անգամ սկսեցին նայել: Այսինքն՝ կապվեցին թատրոնին, սովորեցին ներկայացում նայել, ընկալել»:

«Վաղը մենք մեր հանդիսատեսին ընդհանրապես կկորցնենք, որովհետև մեզ հրամայված է երեխաներին թատրոն չբերել,- հավելեց ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը,- վերևներում նստած դատարկ գլուխներն այսպիսի հրամաններ են արձակում՝ առանց մտածելու վաղվա մասին, որովհետև ծրագրել են, որ ժողովուրդը թողնի գնա: Հայաստանն՝ առանց հայերի. այսպիսի մի քաղաքականություն է տարվում մեր երկրում, և շատ լավ ծրագրված գնում է առաջ»:

Ն. Ծատուրյանը չի մեղադրում հանդիսատեսին, որն սկսել է ավելի քիչ հաճախել թատրոն. «Մարդիկ չեն կարողանում իրենց հանապազօրյա հացը վաստակել, դուք ասում եք՝ թատրոն. ի՞նչ թատրոն, ի՞նչ բան»:

Մյուս կողմից էլ, Ն. Ծատուրյանի ձևակերպմամբ, Հայաստանում մի նոր արվեստ է ծաղկում՝ «խրխնջիզմ». «Մեկը մի նուրբ, խորը հոգեբանական ներկայացում է բեմադրում, այնտեղ չեն գնում, գնում են այնտեղ, որտեղ «խնդալու» ներկայացում կա. մենակ թե չմտածեն, խրխնջան, հռհռան ու վերջ: Բա էն իսկակա՞ն արվեստը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031