Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանն առաջարկում է գոնե հանրաքվեի ընտրացուցակները հրապարակել

Մայիս 19,2015 16:39

ԱԺ-ում քննարկվում է ՀՅԴ պատգամավորների եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Սա մի ընդհանուր փաթեթ է, որի մեջ մտնում է ե՛ւ հանրաքվեն, ե՛ւ Ընտրական օրենսգիրքը: Բայց այստեղ բաներ կան, որոնք լուծում չեն գտել: Չի գտել ոչ թե նրա համար, որ լուծում չունի, այլ՝ որովհետեւ քաղաքական հարթության վրա է քննարկվում հարցը»,- այսպիսի դիտարկում արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքերով՝ «Օրինակ, երբ ասվում է, որ ընտրություններից անմիջապես հետո ընտրողների ցուցակը հրապարակվում է եւ ասվում է, որ դա մարդու իրավունքների խախտում է եւ մեջբերվում է Վենետիկի հանձնաժողովի խոսքը, համաձայն չեմ: Վենետիկի հանձնաժողովի այդ խորհրդատվական փաստաթղթի նախաբանում նշված է, որ յուրաքանչյուր պետություն, ելնելով իր ժողովրդի հոգեկերտվածքից, իր պետությունում տեղի ունեցող գործընթացներին համարժեք է ընդունում ընտրությունների մասին օրենքը: Երբեք նրանք չեն ասում՝ չի կարելի միանգամից փակցնել: Կան պետություններ, որտեղ քաղաքացիական դատ է հարուցվում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չեն մասնակցել ընտրություններին: Պետություններ կան, որտեղ կան ռասայական, կրոնական տարբերություններ եւ իրար մորթում են՝ քրիստոնյա, մուսուլման: Հայաստանում չկա ռասայական խնդիր, ունենք երեւանցի, քյավառցի, ապարանցի: Չեմ կարծում, որ այդ փաստարկը պետք է օգտագործել եւ ասել՝ գիտեք, սա մարդու իրավունքների խախտում է: Նրանք, ովքեր ծանոթ են Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթին, նրանք պարզ ասում են, թե ինչու պետք է ընտրացուցակները չլինեն»:

Ռուբեն Հակոբյանն առաջարկեց, որ եթե Ընտրական օրենսգրքում ընտրացուցակների հրապարակման համար գտնում են, որ պետք չի ընտրացուցակները հրապարակել, գոնե «Հանրաքվեի մասին օրենքում» գրեն, որ ընտրություններից անմիջապես հետո ցուցակները հրապարակվում են: Ըստ նրա, որեւէ պատճառաբանություն չկա, թե ինչու չպետք է հրապարակվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031