Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն էլ պաշտպանեց Սուրիկ Խաչատրյանին

Մայիս 19,2015 16:37

«Մարտադաշտում, թե՞ Ազգային ժողովում»,- այսօր խորհրդարանում լրագրողի հարցին հարցով պատասխանեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Իսկ հարցը վերաբերում էր նրան, թե ինչպե՞ս է ինքը գնահատում ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը`Զարուհի Փոստանջյանի հետ վեճը, որտեղ Սեյրան Սարոյանը պաշտպանում էր Սուրիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքին:

Գալուստ Սահակյանն ասաց, որ իր համար ցանկալի կլինի, որ «խորհրդարանում վիճակը բարեկիրթ լինի, բայց բանավեճերն անկանխատեսելի են»:

Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու մասին, հիմնավորված չի համարում, այլապես, դրա համար կան համապատասխան մարմիններ: Նա ասաց, որ Զարուհի Փոստանջյանն իր հայտարարության տեքստը այսօր նորից շրջանառության մեջ է դրել: Դա, ըստ ԱԺ նախագահի, էթիկայի նորմերից դուրս է. «Այսինքն՝ թվում է պատգամավորին, որ որևէ պատգամավոր կարող է որևէ մեկին կլասիկ հայհոյի ու դա դնենք շրջանառության մեջ»:

Հարցին`ՀՀԿ-ն չի՞ մտածում Սուրիկ Խաչատրյանից ազատվելու մասին, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ չպետք է մտածել որևէ մեկից ազատվելու մասին, այլ որ նման դեպքեր չլինեն. «Ես կարծում եմ, հանցագործը պիտի պատժվի: Եթե դու լինես գլխավոր դատախազ, քննություն անես, բերես ու ցույց տաս, ես կհավատամ, որ հանցագործ է: Դու պարզապես էդպես ես մտածում, ասում ես՝ հանցագործ է»:

Գալուստ Սահակյանը մի բան էլ լրագրողներին հարցադրում ուղղեց` Սուրիկ Խաչատրյանի որդու մեղադրականը գրե՞լ եք ու մտածում եք, որ նա հանցագո՞րծ է: «Իրավաբանությունը լիրիկա չէ, զգացմունք չէ»,- հարցադրումը դիտողությամբ ավարտեց ԱԺ նախագահը:

Դիտարկմանը, որ Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքը պարբերաբար հայտնվում են տարբեր հանցագործությունների կիզակետում, ինչո՞ւ է դա ներվում, արդյո՞ք դա չի ծնում անպատժելիություն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ուզում եք ասել, որ էնպիսի մի հանգամանք լինի, որ նման դեպքերի լիազոր մարմինը լինեն լրագրողնե՞րը: Դատաիրավական համակարգ կա, գործում է այնքանով, ինչքանով գործում է»: Դիտարկմանը, որ հասարակության մեծ մասը վտանգավոր է համարում Սուրիկ Խաչատրյանին, նա պատասխանեց, որ առավել ևս լրագրողները հասարակության մեծամասնության անունից չեն կարող խոսել. «Իհարկե, ես շատ երջանիկ կլինեի, որ դուք հասարակական կարծիք ստեղծող լինեիք բոլորդ, բայց դա այդպես չէ: Ինչքան ազատ խոսքի ազատություն է, այնքան մյուս կողմից՝ հասարակական կողմից անվստահություն է առաջանում լրատվության նկատմամբ, ինչը իմ դուրը չի գալիս, հաճելի չէ»:

Հարցին, թե ինչքանո՞վ է Սուրիկ Խաչատրյանը թանկ իշխանությունների համար, որ անընդհատ նրան ներում են, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինչքանով որ ցանկացած լրագրող, ՀՀ ցանկացած քաղաքացի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031