Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զուրաբյանը հանելուկ է ասում ՀՀԿ պատգամավորին, որ լուծի

Մայիս 19,2015 15:54

«Արդյոք դուք, որպես ՀՀԿ, պատրաստ եք ընդհանրապես գնալ զիջումների այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ 1. անցումը բացառապես համամասնական ընտրակարգի, 2. ստորագրված ընտրացուցակների հրապարակումն ընտրություններից հետո, 3. Ընտրողների ռեգիստրի մաքրումը 4. Տեղամասերում տեսանկարահանող կամերաների տեղադրումը: Արդյո՞ք պատրաստ եք այս հարցերում զիջումների գնալ 5 խմբակցություններին, որոնք արդեն մի քանի տարի շարունակ սա պահանջում են իշխանություններից»,- այսօր ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծի  քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպիսի կետեր առաջադրեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին:

Նա առաջարկեց Հովհաննես Սահակյանին լուծել այս հանելուկը. «Մի ընդհանուր փաթեթ եք պատրաստում սահմանադրական փոփոխությունների: Եթե մենք սկզբունքորեն դեմ ենք երկրի կառավարման ձեւի փոփոխությանը, բայց, ասենք, կողմ ենք բացառապես համամասնական համակարգին անցնելուն, բա մենք ինչպե՞ս վարվենք՝ որպես քաղաքական ուժ: Դուք մեզ դնում եք մի իրավիճակի մեջ, որտեղ 2 սկզբունքային հարց, որում մենք ունենք հակադիր դիրքորոշումներ, կապում եք մի հարցի մեջ, որին մենք պետք է պատասխանենք կամ այո, կամ ոչ: Սրան ի՞նչ լուծում եք տեսնում»:

Հովհաննես Սահակյանը Լեւոն Զուրաբյանի առաջարկած հանելուկը չլուծեց եւ չգուշակեց: Նա ասաց, որ ամբիոնի մոտ է՝ միայն Հանրաքվեի մասին օրենքի հետ կապված հարցերին պատասխանելու, ոչ թե նախագահի կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների եւ Ընտրական օրենսգրքի:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեւը ներկայացնող 5 ուժերի մոտեցումներին, նա ասաց, որ եթե օրենսդրական նախագծով են հանդես գալու, հանձնաժողովում այն կքննարկեն:

Լեւոն Զուրաբյանը պնդեց, որ Հովհաննես Սահակյանը մի ելք առաջարկի. «Խնդիրն այն է, որ դուք այս նախագծում փոփոխություններ եք կատարում, որովհետեւ ուզում եք այն համապատասխանեցնել Ընտրական օրենսգրքին: Ուստի հարցեր են առաջանում դրա հետ կապված: Եթե մեր առաջ այնպիսի խնդիր եք դնում, որ մեր ուզած փոփոխությունները միայն սահմանադրական ճանապարհով կարող են լուծվել՝ դա մի իրավիճակ է ստեղծում: Եթե դուք ասում եք, որ ընտրություններից 1 տարի առաջ պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, դա ուրիշ իրավիճակ է ստեղծում: Մենք ուզում ենք հասկանալ՝ այդ հարցերի լուծումը մենք ո՞նց կարող ենք կառուցել»:

Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ կարող է ՀԱԿ-ը իր մոտեցումները ներկայացնել, աշխատանքային քննարկման ժամանակ կնայեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031