Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ Արծվիկ Մինասյանին. «Մեզ շատ անհարմար դրության մեջ եք գցում»

Մայիս 19,2015 15:42

«Եթե մի կողմ դնենք, թե այս ամենն ինչի համար է արվում, նախագիծը զուտ տեսականորեն նայենք, 2 թերություն կա: Մեկը վերաբերում է քարոզչության հարցերում հավասարություն ստեղծելուն: Հանրային հեռուստատեսությամբ ինչպե՞ս պետք է անենք, որ լինեն հավասար պայմաններ: Օրինակ, Ընտրական օրենսգրքում այդ հարցը կարգավորվում է, բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ պետք է ստեղծել: Հանրաքվեի դեպքում թեկնածուները «այո» եւ «ոչ»-ն են: Ինչպե՞ս պետք է ստեղծել հավասար պայմաններ: Օրինակ, հեռուստատեսությամբ պետք է հավասար ժամանակ տրվեր այո-ի եւ ոչ-ի կողմնակիցներին խոսելու համար: Հանրաքվեն, ի վերջո, ժողովրդավարական լրջագույն գործընթաց է: Շատ կարեւոր է, որ ապահովվի բացարձակ հավասար հնարավորություններ՝ բոլորի համար: Ինչո՞ւ այդ մասին օրենքում չկա»,- այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավորների եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի  քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանին այս հարցն ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա ասաց, որ ՀԱԿ-ը այլ ընդդիմադիր խմբակցությունների հետ Ընտրական օրենսգրքի վերափոխման վերաբերյալ համագործակցում է՝ ցուցակների հրապարակում ընտրություններից հետո, ռեգիստրի մաքրումը, տեսանկարահանող սարքերի տեղադրումը տեղամասերում եւ այլ հարցերի շրջանակներում. «Դուք այդ դրույթների կողմնակիցն եք կարծես: Շատ լավ առիթ էր բոլոր այդ դրույթները դնելու այս օրինագծում: Ինչո՞ւ չեք արել դա»,- հարցրեց նա՝ Արծվիկ Մինասյանին:

Վերջինս պատասխանեց, որ իսկապես Ընտրական նոր օրենսգրքի եւ նոր կարգավորումների անհրաժեշտությունը իրենք էլ ենք կարեւորում. «Ցուցակների հրապարակումը, ընտրական գործընթացի պարզեցումը պահանջում են հետեւողական եւ մեծածավալ աշխատանք: Այս նախագծում այդ գաղափարները չենք իրացրել 2 պատճառով: Համոզված ենք, որ մեր պահանջները պետք է իրացնել Սահմանադրական մակարդակով: Ազատ ընտրությունների երաշխավորման մի շարք մեխանիզմներ Սահմանադրությամբ ամրագրելուն զուգահեռ պետք է հաջորդի նոր Ընտրական օրենսգրքի ստեղծումը»:

Ինչ վերաբերում է հավասար պայմաններին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իսկապես, նախագահի թեկնածուներն, օրինակ, կարող են Հանրային ռադիոյի կամ հեռուստատեսության անվճար եթերից օգտվել: Բայց չեն գտել այնպիսի ձեւակերպում, որը հնարավորություն կտա Հանրաքվեի օրենքի ժամանակ պահպանել. «Եթե ընտրությունների ժամանակ կան թեկնածուներ, հանրաքվեի ժամանակ չունենք: Կան կողմ եւ դեմ տեսակետներ արտահայտողներ, ինչ մեխանիզմներով պետք է հավասար պայմաններ ապահովեն՝ խնդիր է»:

Նա առաջարկեց մի քանի տարբերակ քննարկել, եթե լուծում կլինի, լրացում կանեն նախագծում: Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ, պետք է հարցը լուրջ քննարկել, որ թաքնված քարոզչության եւ այլ խնդիրները բացառվեն. «Շփոթմունք չառաջացնելու համար պետք է օրենսդրական հստակ ձեւակերպում տանք»:

Լեւոն Զուրաբյանը խոստացավ այդ հարցում առաջարկներ ներկայացնել: Ինչ վերաբերում է այն թեզին, որ Սահմանադրական փաթեթում պետք է շատ խնդիրներ լուծել՝ նա ասաց. «Տալիս եք իշխանություններին հնարավորություն այդ դրույթներն ընդունելը դարձնել քաղաքական բազարի մեկ հարց: Սա անթույլատրելի է: Այն ուժերը, որոնք ոչ են ասում սահմանադրական փոփոխություններին, բայց կողմ ենք, որ համամասնականի անցնենք եւ մնացած փոփոխություններն արվեն, ստացվում է այնպես, որ դուք այդ ամենը մտցնելով մի փաթեթի մեջ, մեզ շատ անհարմար դրության մեջ եք գցում: Ստացվում է, որ մերժելով սահմանադրական փոփոխությունները, մերժում ենք այն փոփոխությունները, որոնք մեզ համար կարեւոր են: Ինչո՞ւ չէր կարելի անել հենց հիմա՝ մինչեւ Սահմանադրական փոփոխությունները»:

Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց, ասելով, որ չի ընդունում ծայրահեղ թեզեր, որ Սահմանադրությամբ հարցեր չպետք է լուծել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031