Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի ղեկավարությունն իր աշխատասենյակները Էրմիտաժի մակարդակի վերանորոգել է (Տեսանյութ)

Մայիս 19,2015 15:13

«Հայաստանի էլեկտրական ցանցերը», որը կրկին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիան 17,8 դրամով թանկացնելու հայտ է ներկայացրել, պարզվում է, միլիոնների ծառայություններ է գնում իր հետ փոխկապակցված ընկերությունից, եւ այդ բոլոր ծախսերը ներառվում են սակագնի մեջ: Այսօր այս մասին իր ուսումնասիրության արդյունքները «Հենարան» ակումբում ներկայացրեց գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը:

Փորձագետն ուսումնասիրելով ՀԷՑ-ի` այլ ընկերությունների հետ կնքած պայմանագրերը, հայտնաբերել է, որ Հայէլցանցերին անցյալ տարի 198 միլիոն դրամի տրանսպորտային ծառայություն է մատուցել մի ընկերություն, որը ստեղծվել է այն տարեթվին, երբ Հայէլցանցերի սեփականատերը 2006 թվականին եկել է Հայաստան: Ի դեպ, այդ ընկերության գրանցված իրավաբանական հասցեն նույն է, ինչ` էլցանցերինը: Այսինքն, ըստ Արտակ Մանուկյանի, ակնհայտ է, որ դրանք փոխկապակցված ֆիրմաներ են. «Ավելին, երբ սփյուռում նայում ենք, այս ֆիրման ավտոմեքենաների հետ ընդհանրապես կապ չունի, ինքը էլեկտրական ցանցերի եւ ենթակայանների կառուցմամբ, նորոգմամբ եւ սպասարկմամբ է զբաղվում: 2012-2013 թթ-ին նայում ենք այդ ընկերության վճարած հարկերը, չնչին են, բայց ինքն այդքան մեծ ծառայություններ է մատուցում եւ որն ամենակարեւորն է, այդ ֆիրման, ընդհանրապես, շինանյութերով է զբաղվում»:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի, կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանի խոսքերով, Հայաստանն այլեւս չի կարող թաքցնել պետական կառավարման համակարգի անարդյունավետության փաստը: Եթե Հայաստանում հոսանքի կորուստները 12, 7 տոկոս է, ապա ԱՊՀ երկրներում դրանք 5-6 տոկոս են կազմում, իսկ ամեն մեկ տոկոսը, մասնագետի հավաստմամբ, 10,5 միլիոն դոլար է կազմում: Նա նույնպես համոզված է, որ ՀԷՑ-ի ղեկավարների ոչ ճիշտ կառավարման եւ ուռճացված ծախսերի պատճառով է, որ սակագնի բարձրացման անհրաժեշտություն է առաջացել. «Հարյուր հազարավոր դոլարների սեղաններ են պատվիրում իրենց աշխատասենյակների համար, Էրմիտաժի մակարդակի վերանորոգում են սենյակները»:

Մինչդեռ մասնագետը հաշվարկել է ու պարզել, որ անգամ ներկայիս սակագինը կարելի է 15 տոկոսով նվազեցնել:

17,8 դրամով սակագնի բարձրացումը, տնտեսագետների հաշվարկով, կբերի 40 տոկոս թանկացման, Հարություն Մեսրոբյանի կարծիքով, հանձնաժողովը կթանկացնի 27 տոկոսով` ցույց տալու համար, թե իբր ժողովրդի կողմից է: Ըստ նրա, գնաճը ոչ թե 4-5 տոկոս կլինի, այլ եռակի ավելի, քանի որ այն միանգամից անդրադառնալու է անվճարունակ խավի վրա, իսկ էլէներգիայից կախված են կոմունալ վճարումներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները:

Aravot.am-ի այն հարցին, թե հանրապետական պատգամավորները, ՀՀԿ-ամետ տնտեսագետները, սոցիալական վրդովմունքը մեղմելու համար հայտարարում են, թե սոցիալապես անապահով խավին սուբսիդավորելու են, ինչպես, օրինակ, գազի դեպքում է, Արտակ Մանուկյանն ասաց. «Ավելի լավ է, սուբսիդավորելու փոխարեն, թող այդ տնտեսագետները խորը վերլուծություն անեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031