Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը «լավ իմաստով» ազդել է հանրաքվեի արդյունքների վրա

Մայիս 19,2015 14:49

Վաչե Տերտերյանը չբացառեց, որ Սյունիքում հանրաքվեի դրական ձայները պայմանավորված են Սուրիկ Խաչատրյանի անձով:

«Ոչ մի տեղ ընտրությունները չեն տապալվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ համայնքների խոշորացման հանրաքվեն Տավուշում տապալվեց, քանի որ մեծ մասը դեմ էին քվեարկել: «Ոչ մի տեղ մեծամասամբ «ոչ» չեն ասել, և եթե դուք հարցը տալիս եք Տավուշի մարզի մասին, ասեմ, որ երեք համայնքում է, որ ավելի քիչ ձայն է ստացել հանրաքվեն, բայց ընդհանուր առմամբ և ճնշող մեծամասնությամբ բոլոր մարզերում ստացել է «այո»,-շարունակեց Վաչե Տերտերյանը:

Համայնքների խոշորացման առիթով անցած կիրակի օրն անցկացված հանրաքվեի մասնակցությունը փոխնախարարը գնահատեց բավարար: Հիշեցնենք, որ փորձնական ծրագիրն իրականացվում է Տավուշում, Լոռիում եւ Սյունիքում:

«Նորմալ էր: Մասնակցության չափը երեսուն տոկոսից տատանվում է մինչև վաթսուն տոկոս: Եթե դուք նկատի ունեք, որ քիչ է, ես էլ գտնում եմ, որ շատ նորմալ է: Համեմատած նախորդ ընտրությունների հետ, գուցե պատճառը կարող է լինել այն, որ անձնավորված ընտրություն չի եղել, այսինքն, չեն եղել պայքարող թիմեր, չկան ավագանու անդամներ և չկան շատ շահագրգռված ուղիղ մասնակիցներ»,-շարունակեց Վաչե Տերտերյանը: Նա չի կիսում տեսակետը, որ հանրաքվեի նկատմամբ հետաքրքրություն չի եղել:

Փոխնախարարը նաեւ տարօրինակ չհամարեց այն փաստը, որ Սյունիքի մարզում 94% «կողմ» են քվեարկել համայնքների խոշորացմանը. «Այցելությունների ժամանակ և «դեմ» էին և «կողմ» էին արտահայտվում»: Փոխնախարարն ասաց, որ բնակիչների հետ հանդիպմանը ներկա էր լինում նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին` այդքան դրական ձայների քանակը չի՞ պայմանավորում Սուրիկ Խաչատրյանի անձով, Վաչե Տերտերյանն ասաց. «Իսկ ինչպես ես կարող եմ իր անձով չպայմանավորել, իհարկե պայմանավորում եմ, լավ իմաստով պայմանավորում եմ նաև իր անձով, իմ անձով, փորձագետների, գյուղապետերի անձով»:

Նա չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, թե վախը և ահաբեկումները ևս կարող էին պատճառ հանդիսանալ, որ սյունեցիները «կողմ» լինեին հանրաքվեին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031