Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիայի հավաքված նաիրիտցիներին հանդիպեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Երբ նա զրուցում էր նաիրիտցիների հետ, Փաշինյանին զանգահարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործարանի գույքը գրավադրումից հանելու գործընթացը: Զախարյանը ըստ էության որեւէ նոր բան չասաց, տվեց նույն պատասխանը, ինչ վերջերս ասուլիսին էր ասել՝ «Հենց գրավից հանենք գույքը, մի երկու ամսվա ընթացքում նաիրիտցիների մեկ ամսվա աշխատավարձի պարտքը կվճարենք»:
Նաիրիտցիները չհամաձայնվեցին մինչեւ տարեվերջ սպասել ամբողջ աշխատավարձի մարմանը, ասելով, որ իրենք այսօրվա հացի փող չունեն եւ չեն կարող սպասել: Բողոքի ակցիայի մասնակիցները խնդրեցին Նիկոլ Փաշինյանին՝ վաղը Ազգային ժողովում Երվանդ Զախարյանին հարցեր ուղղել այդ կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղը Երվանդ Զախարյանին այլ հարցեր ունի տալու, բայց հորդորեց բողոքի ակցիաները չդադարեցնել: Նաիրիտցիները պայմանավորվեցին վաղը ժամը 12-ին կրկին հավաքվել ԱԺ-ի մոտ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ