ԱԺ-ում քննարկվում է ՀՅԴ պատգամավորների եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումներին այս օրենքում տեղ չի տրված, մինչդեռ սա նույնպես համապետական ընտրություններ են: Հանրաքվեի ժամանակ քվեածրարներ չկան, խախտվում է գաղտնիության սկզբունքը, միայն քվեաթերթիկներն են: Առաջարկվում է քվեածրար օգտագործել:
Ներկա կարգավորումներով, հանրաքվեն ՀՀ նախագահի հրամանագրով կարող է լինել ԱԺ որոշումը կայացնելուց հետո 45 օրից ոչ շուտ եւ 60 օրից ոչ ուշ ժամկետով: Ըստ Արծվիկ Մինասյանի, այս ժամկետը պետք է փոխվի, 45 օրը դառնա 55 օր, 60-ը՝ 65, որպեսզի պատշաճ պատրաստվեն:
Առաջարկվում է մեծացնել հիմնադրամում մուծումների թիվը շուրջ 10 անգամ, որպեսզի կողմ եւ դեմ արտահայտվողները կարողանան քարոզչություն իրականացնել:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը համաձայն էր, որ Հանրաքվեի մասին օրենքը համաձայնեցվի Ընտրական օրենսգրքի հետ. «Կենտրոնական հանձնաժողով մի անգամ է ստեղծվել եւ լուծարվել՝ հանրաքվեի համար: Երբ մենք բոլոր ժամկետները, լիազորությունները համաձայնեցնում ենք Ընտրական օրենսգրքի հետ, ժամանակացույցի հետ, չե՞ք գտնում, որ Հանրաքվեի մասին օրենքը կարելի էր միավորել Ընտրական օրենսգրքի հետ, չունենալ առանձին օրենք՝ Հանրաքվեի մասին»:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ չեն կարող մեխանիկորեն Հանրաքվեի մասին օրենքը ներառել ԸՕ-ում: Օրինակ, հանրաքվեի ժամանակ չկան վստահված անձինք. «Չմոռանանք, որ մենք ունենք նաեւ Տեղական հանրաքվեի մասին օրենք»:
Նա ասաց, որ զուտ իրավական տեսակետից խնդիր են ունենալու:
Ստեփան Մարգարյանը չհամաձայնեց՝ բոլոր հարցերը կարելի է կարգավորել, ընդամենը պետք է ավելացնել մեկ նախադասություն Ընտրական օրենսգրքում, որ հանրաքվեի դեպքում վստահված անձանց ինստիտուտ չկա:
Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ դա մեծածավալ աշխատանք է պահանջում: Նա խնդրի լուծումը տեսնում էր Սահմանադրական փոփոխությունների հետ, որից հետո, իր խոսքերով՝ ուզենք թե չուզենք, նոր Ընտրական օրենսգիրք պետք է ունենանք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ