Լրահոս
Օրվա լրահոսը

Աղետալի վիճակ Գյումրիում ու Վանաձորում. բնակչության թիվը նվազել է մոտ 3- 4 անգամ

Մայիս 19,2015 13:30

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ազգագրագետ Արտաշես Բոյաջանը (լուսանկարում): Նրա՝ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» Հ/Կ-ով կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ Գյումրու բնակչության թիվն այս պահին 70 հազար է:

«Գյումրու բնակչության թիվը նվազել է երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածում, պատճառները տարբեր են՝ սոցիալ-տնտեսական, հոգեբանական, քաղաքական, էկոլոգիական, երկրաշարժն է նաեւ պատճառ դարձել, որ լքեն քաղաքը: Երկրաշարժից առաջ Գյումրին ունեցել է 230 հազար բնակչություն»,- ասում է Արտաշես Բոյաջյանը:

Ըստ ազգագրագետի, Գյումրիում ակտիվ աշխատունակ տարիքի բնակչության զգալի մասը արտագաղթել է կամ սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնել: Հիմա մնացել են ծերերը, կանայք ու երեխաները, նաեւ բյուջետային հիմնարկներում աշխատողներն ու առեւտրի ոլորտում զբաղվածները, որոնք պետք է աշխատեին արդյունաբերության մեջ, սակայն այդ զանգվածը քաղաքում չէ:

«Շինարարության մեջ աշխատողների մի զգալի հատված նույնպես քաղաքում չէ, նրանք էն ակտիվ մասսան են, որոնք կարող էին քաղաքի զարգացման նախադրյալներ ստեղծեին տնտեսության, արդյունաբերության մեջ: Գյումրին ինքը իրենով ծերացող քաղաք է, եթե ամբողջ բնակչության տեսակարար կշռի 10-15 տոկոսից ավելին կազմում են կենսաթոշակային տարիքի բնակչությանը, իսկ դա արդեն, ըստ ժողովրդագրական առումով, ծերացող քաղաքների շարքին է դասվում»,- ասում է ազգագրագետը:

Արտաշես Բոյաջյանի ուսումնասիրություններով, Հայաստանում Գյումրիից հետո դատարկվող երկրորդ քաղաքը Վանաձորն է: «Վանաձորն էլ շատ վատ վիճակում է. նույն պատկերն է ոնց որ Գյումրիում, բացարձակ թվով եթե վերցնենք Վանաձորի բնակչության թիվը 2,5-3 անգամ պակասել է: Նախքան երկրաշարժը Վանաձորը ունեցել է 166 հազար բնակիչ՝ 170 հազարին մոտ, 2014 թվի պաշտոնական տվյալներով՝ 82 հազար է բնակչության թիվը»:

Մեր հարցին, թե Հայաստանի միակ քաղաքը, որտեղ բնակչության թվի կտրուկ նվազում չի նկատվում, դա մայրաքաղա՞քն է, մեր զրուցակիցն ասաց. «Ո՛չ, մայրաքաղաքի բնակչության թիվն էլ է պակասել, եթե բացարձակ թվով համեմատում ենք, դուք ճիշտ եք , չի պակասել, բայց եթե վերցնում ենք ժողովրդագրական կայուն զարգացումը եւ իրատեսական սցենարը, մայրաքաղաքի բնակչությունը բավականին նվազել է: Հիմա Երեւանում պետք է ունենայինք 1,5 միլիոն բնակիչ, բայց իրականում մայրաքաղաքն ունի մեկ միլիոն բնակիչ»:

Ըստ ազգագրագետի, եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ մոտ ապագայում մահացածները թիվը կոնկրետ Գյումրիում գերազանցի ծնվածների թվին: «Դա արդեն տարիքային կառուցվածքի հետ է կապված, ամուսնության, ամուսնալուծության, 65-70 տարեկան բնակչության թիվը քանի գնում ավելանում է: Հիմա ասենք կենսաթոշակային տարիքի են մտնում 50-ական թվականների ծնվածները, իսկ էդ ժամանակ կոմպենսացիոն աճ է տեղի ունեցել, բավականին բարձր է եղել. եթե 40-45-ական թվականներին ծնվածների թիվը քիչ է եղել՝ պայմանավորված Հայրենական պատերազմով, ապա 46-ից մինչեւ 50-ական թվականները ծնվածների շեշտակի աճ է գրանցվել: Իսկ հիմա էդ տարիքի բնակչությունը մտնում է կենսաթոշակային տարիք, իսկ դա նշանակում է, մենք գիտենք, որ մահացածների մեջ պոտենցիալը տարեցներն են, իսկ ծնվածների թիվը մեզ մոտ նվազում է, էդ հարաբերակցությունից ելնելով՝ կարելի է կանխատեսել, որ մահացածները կգերազանցեն ծնվածների թվին»:

Ըստ Արտաշես Բոյաջյանի, փորձագետների տարբեր հաշվարկներով, անկախության տարիներից սկսած՝ մեր հանրապետությունից արտագաղթել են 1,5-2 միլիոն բնակիչներ: Իսկ վերջին տարիներին՝ 2009-2014 թվականներ ընկած ժամանակահատվածում մեր հանրապետության բնակչության թիվը 200 հազարից ավելի պակասել է: «Այսինքն` գրեթե նախաերկրաշարժյան Գյումրիի բնակչության թիվ պակասել է, որը նույնպես աղետալի է, դա հանրապետության բնակչության 10 տոկոսն է կազմում»,- ասում է ազգագրագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031