Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկերացնո՞ւմ վարկ վերցնեմ, խորհրդատու վարձեմ, որ կասի, թե իմ բոյի համեմատ ինչ լավ մեքենա կլինի». Թեւան Պողոսյան

Մայիս 19,2015 13:26

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի հեղինակած Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Այն ընդունվեց միաձայն՝ 108 կողմ, ինչի համար էլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Միասնական խորհրդարան»:

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ կնքված վարկային համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ նախագահը:

Վարկով նախատեսվում է 53 մլն դոլար տրամադրել գյուղատնտեսության զարգացման համար՝ ոռոգման ջրի, ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված:

Իր ելույթում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատասխանեց մամուլում իրենց հասցեին ուղղված քննադատություններին. «Մարդիկ փորձում են խորհրդարանում պատգամավորների աշխատանքի, կողմնորոշումների, դիրքորոշումների համար ավելորդ շահարկումներ անել: Ժողովուրդն ամենաիմաստունն է, այն էլ՝ բազմադարյան հայ ժողովուրդը: Երկիրն էլ շատ փոքր է, մի ԶԼՄ չի կարող կողմնորոշել հանրությանը, բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են: Հիմա ի՞նչ է, չխոսե՞նք, չասե՞նք, որ այս վարկային ծրագիրը, որեւէ մեկս դեմ չենք, որ գյուղատնտեսությունը զարգանա, որ Շիրակի մարզում ոչ թե ջուրը դույլերով վաճառեն 21-րդ դարում, այլ կարողանանք ենթակառուցվածքները զարգացնենք, ջրամատակարարման համակարգը բարեփոխենք»:

Անդրադառնալով մտահոգությանը, որ վարկերը ծախսվում են անարդյունավետ, որովհետեւ դրանք մտնում են որոշ մարդկանց գրպանը՝ Հովհաննես Մարգարյանն ասաց. «Առու կա, որ չպետք է ջուր խմել: Սա այդ առուն է, չպետք է թույլ տալ, որ որոշ մարդիկ մտածեն, թե այդ առվից ոնց ջուր խմեն»:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելիս՝ Թեւան Պողոսյանն ասաց, որ ինքը դեմ է այդ համաձայնագրին: Մեր երկրում այնքան խնդիրներ կան, որ ցանկացած հարցի համար կարելի է բացատրություններ գտնել, թե ինչու է անհրաժեշտ դա անել. «Վարկ վերցնելու փորձ բոլորս էլ մեր կյանքում ունենք: Պատկերացնո՞ւմ եք գնաք որեւէ բանկ վարկ վերցնելու՝ ասեք, ինձ մի քիչ գումար տվեք, հենց գումարը լինի, մի մարդ կվարձեմ, լավ խորհրդատու է, կասի, թե իմ բոյի համեմատ ինչ լավ մեքենա կամ բնակարան կհամապատասխանի, հետո կընտրեմ, ինչ բնակարան կամ մեքենա գնեմ: Այդպիսի իրավիճակն այստեղ է: Խմելու ջուրը կարիք է, հասկանալի է: Շատերն ասում են՝ ո՞ր համայնքներում է լինելու կոնկրետ, ինչպիսին պետք է լինեն շահառուները»: Թեւան Պողոսյանը հորդորեց գործընկերներին, որ կա՛մ չմասնակցեն քվեարկությանը, կա՛մ դեմ քվեարկեն:

ԲՀԿ-ի տեսակետը ներկայացնելիս Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենք էլ միանշանակ դեմ են այս վարկային ծրագրին. «Մեզ վարկեր պետք են: Բայց այսօր այս համակարգը պատրաստ չի դրան: Մենք բոլորով պատրաստ չենք: Եթե պատրաստ չենք, պետք չի օրգանիզմով մի բան անցկացնենք, որի արդյունքը փոշիացվելու է»:

Գյուղատնտեսության փոխնախարրա Արմեն Հարությունյանն էլ, լսելով մտահոգությունները, այսպիսի խոստում տվեց. «Խոստանում եմ, որ մենք այդ գումարները բարեխղճորեն կծախսենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031