Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության փոխգնդապետը կաշկանդվում է facebook-ի like-երից ու մեկնաբանություններից (Տեսանյութ)

Մայիս 19,2015 13:11

Ոստիկանությունը նոր հայց է ներկայացրել ընդդեմ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի:

Այս հայցը վերաբերում է այս տարվա հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Հայաստանի օրենսդրությամբ դատելու պահանջով ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, որտեղից Կիվիրյանը բերման է ենթարկվել: Ըստ ոստիկանության, Կիվիրյանը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը:

Այսօր Վարչական դատարանում դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ նախնական նիստն էր:

Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը միջնորդեց դատարանին՝ թույլատրել նիստին ներկա լրագրողներին տեսանկարահանել ու լուսանկարել նիստը:

Առարկեց հայցվոր կողմի ներկայացուցիչ, ոստիկանության փոխգնդապետ Սոնա Մելիքյանը: Նա ասաց, որ տեսանկարահանման ու լուսանկարելու պայմաններում ինքն իրեն կաշկանդված է զգում ու բացի դա հետագայում, երբ նման նյութերը հայտնվում են սոցիալական կայքերում, օգտատերերը սկսում են մեկնաբանություններ թողնել ՝թիրախավորելով իր անձը, ոչ թե որպես ոստիկանության ներկայացուցիչ. «Զերծ մնալով լայքերից ու որակումներից՝ առարկում եմ, ես կաշկանդվում եմ, ցանկալի է առանց ֆոտոների, սպիշկաների»:

Արամազդ Կիվիրյանը զարմացավ առարկությունից. «Պետք է խոչընդոտվի խոսքի ազատությունը, ինչ է թե ոստիկանության հարգելի ներկայացուցիչը վախենո՞ւմ է՝ իր նկարի տակ դիսլայք հայտնվեն, սա չի տեղավորվում իրավական հարթության մեջ»:

Արգիշտի Կիվիրյանն էլ շարունակեց. «Սա հասարակական հնչեղություն ունեցող գործ է: Ոստիկանությունն իմ դեմ իրականացնում է ապօրինի գործողություններ՝ իմ հասարակական գործունեությունից ելնելով: Սա իմ դեմ հարուցված ութերորդ վարչական գործն է: Հասարակության մոտ առաջացել է բավականին մեծ հետաքրքրություն, այս գործն էլ վերաբերում է հասարակական ակցիային իմ մասնակցությանը, հետեւաբար Հայաստանի հասարակությունն իրավունք ունի ավելի մանրամասն ծանոթանալ գործի զարգացումներին: Միանում եմ փաստաբանիս միջնորդությանը: Եվ զավեշտալի էր լսել ոստիկանության ներկայացուցչի կարծիքը, թե կաշկանդվում է լուսաբանումից: Զավեշտալի է, որ փոխգնդապետը կաշկանդվում է: Որ ոստիկանությունը լինի ավելի հասարակության համար ընկալելի, պետք է գործի օրինականության դաշտում, եթե գործում է ապօրինության դաշտում իր անունն այլ կերպ կշոշափվի: Եթե հարգելի փոխգնդապետը, այդքան ցավագին եք տանում ձեր կերպարի շահարկումը, ուրեմն բարի եղեք օրինական դաշտում գործել, այս

Սոնա Մելիքյանն էլ պարզաբանեց, որ սոցիալական որեւէ կայքում գրանցված չէ ու ինչ կատարվում է այնտեղ, ինքը տեղեկանում է ուրիշներից. «Ինձ դա տհաճություն է պատճառում, ես կցանկանայի, որ այս նիստերին լինեի անկաշկանդ դրա համար եմ ցանկանում առանց տեսանկարահանման»:

Դատարանը որոշեց պատասխանող կողմի միջնորդությունը մերժել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այս դատական նիստը դռնբաց է, ու այն անձինք, որոնք ուզում են տեղեկանալ գործի զարգացումներին, կարող են մասնակցել նիստերին ու կատարել սղագրություն, ձայնագրություն:

Արամազդ Կիվիրյանը ներկայացրեց ոստիկանության հակընդդեմ հայց, դատարանը որոշեց գործի արագ ու հեշտ լուծում տալու համար հետաձգել նախնական դատական նիստը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031