Պարզվում է, որ կիրակի օրը հանրաքվեի դրված համայնքների խոշորացման հրատապ ու անհրաժեշտ հիմնախնդիրը սխալ է ձեւակերպվել ու դրվել մեր քաղաքացիների առջեւ։ Այստեղ գործել է մեզանում միշտ էլ զգացվող՝ բարեփոխումների գործընթացից օգտվելու, դրանք զուտ տեղական՝ նեղ անձնական ու խմբային շահերին ծառայեցնելու միտումը։
Հակառակ դեպքում լքված գյուղերի ենթակառուցվածքները բարելավելու եւ ներդրումներ ապահովելու համար ձեռնարկվող այս քայլը չէր վերածվի մեկ համայնքի մեջ գյուղերն ու քաղաքատիպ բնակավայրերը միավորելու նախաձեռնության։
Համայնքների միավորումն իսկապես կարող է նպաստել ուժերի ու հնարավորությունների ռացիոնալ օգտագործմանը, եթե դրա հիմքում դրվեն վերջին տասնամյակում ամայացած մեր լեռնային գյուղերի վերականգնման ու զարգացման կոնկրետ ու հստակ ծրագրերը։ Իսկ նման ծրագրերը կարող են խարսխվել միայն ու միայն զբաղմունքի ընդհանրության վրա։
Գյուղացու զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ իրեն բնորոշ բարդ ու աշխատատար խնդիրներով, ուստի գյուղական համայնքներ ուղղվող միջոցները չպետք է փոշիացվեն ավելի ստվար բնակչություն ունեցող շրջակա քաղաքների ու քաղաքատիպ ավանների շրջագծում։ Վերջիններիս խնդիրները հաճախ ավելի բարդ են՝ աշխատանքի լիակատար բացակայության պատճառով, սակայն դրանք իրենց բնույթով տարբերվում են գյուղացու «դարդ ու ցավից»։
Եթե կառավարությունը ցանկանում է համայնքների խոշորացումը ծառայեցնել նրանց բնակիչների բարեկեցության բարձրացման ու կենցաղային պայմանների բարելավման նպատակին, ապա պետք է ուսումնասիրի հանրաքվեների արդյունքները եւ համայնքների խոշորացումն իրականացնի՝ նկատի ունենալով ոչ թե տեղական էլիտաների խմբային շահերը, այլ մեր լեռնային ամայացած գյուղերը փրկելու առաջադրանքը։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում