Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ խախտումներ` տեղական հանրաքվեների անցկացման ժամանակ

Մայիս 19,2015 12:38

Այս տարի առաջին անգամ համայնքների խոշորացման հարցով ՀՀ 22 համայնքներում անցկացվեց տեղական հանրաքվե:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ԿԸՀ-ի և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները ամփոփեցին հանրաքվեի արդյունքները:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը անցկացման կարգի հետ կապված հայտարարեց. «Տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանում որևէ գրառում քվեարկության կարգի խախտման մասին արձանագրված չէ»:

«Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահրամ Վարդանյանը մտահոգություն հայտնեց, թե ԶԼՄ-ների, ՀԿ-ների ու քաղաքական կուսակցությունների պասիվության պատճառով այս հանրաքվեն անցավ ոչ մրցակցային պայմաններում: Այնուհետև բարձրաձայնեց մի շարք խախտումների մասին. «Դիտորդական առաքելություն իրականացրել ենք սեփական ֆինանսական միջոցներով և կամավորական ուժով, դրա համար էլ միայն երեքում` Դիլիջանի մշակույթի պալատում, Թեղուտ համայնքում և Հաղարծինի համայնքային կենտրոնում: Մինչև բուն քվեարկության օրը պետական իշխանությունների ներկայացուցիչները պտտվում էին մարզերով և քարոզչական գործունեություն իրականացնում, ինչը ՀՀ օրենքով արգելվում է: Միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները ևս պտտվում էին և խոստումներ տալիս, թե քվեարկեք կողմ և կիրականացնենք այս կամ այն ծրագիրը կառավարության հետ ձեր համայնքում: Ընտրատեղամասերից դուրս մարդկային կուտակումներ կային, ինչը մտահոգություն է առաջացնում, որ մարդկանց ուղղակի բերել են»:

Վահրամ Վարդանյանը նաև հայտարարեց, որ Թեղուտի ընտրատեղամասերում ընտրաթերթիկի կորուստ է գրանցվել, ինչն ունի «կարուսելի ռիսկ»:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ
Լիլիա Հակոբյանը, ի հեճուկս այս մտահոգությունների, պնդեց, թե «ՀՀ-ում տեղի է ունեցել ժողովրդավարական գործընթացներից մեկը` տեղական հանրաքվեն, որը 2005-ին բարձրացրել ենք սահմանադրական մակարդակի: Սա մեր առաջին փորձն էր: Մենք տեղական բնակչությանը տեղական նշանակության հարցերի մասնակից ենք դարձնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031