Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Հորովել»-ի համերգ-ներկայացումը Գյումրու և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ

Մայիս 19,2015 12:14

Մայիսի-17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ «Հորովել» երգի պարի անսամբլի, Գյումրու Վարդան Աճեմյանի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնների համատեղ համերգ–ներկայացումը:

Համերգ ներկայացմանը մասնակցում էին Գյումրու և Վանաձորի դրամատիկական թատրոնների արտիստները, Հորովել երգի-պարի անսամբլը, երգչախումբը, նվագախումբը, Հորովելի դպրոց ստուդիայի սաները: Թատերականացված համերգ-ներկայացման բեմադրիչներն են ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն ու Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը: Համերգ-ներկայացման պրոդյուսերը Տիգրան Վիրաբյանն է: Ինչպես տեղեկացրեց պրն Վիրաբյանը՝ համերգ-ներկայացմանը պատրաստվել են մոտ կես տարի:«Երեք ստեղծագործական կոլեկտիվները ամեն ինչ արեցին, որ ունենանք այն արդյունքը, ինչ ստացանք Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Ինձ համար ամենակարևոր գնահատականը հանդիսատեսի գնահատականն է, իսկ ամենաբարձր վարձատրությունը՝ երկարատև հոտնկայս ծափահարությունները»,-նշում է համերգի պրոդյուսերը:

Նման նախագծում հանդես գալը համերգ-ներկայացման բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանի առաջին փորձը չէր, սակայն Լոռու մարզում գործող կոլեկտիվների հետ առաջին համագործակցությունն էր:

Horovel_1 Horovel_3

«Հորովել»- ի հետ համագործակցության առաջարկը եղել է Տիգրան Վիրաբյանի կողմից: Նա առիթ էր ունեցել ներկա գտնվելու «Հորովել» անսամբլի համերգներից մեկին և տպավորությունները այնքան մեծ էին, որ առաջարկեց համատեղ համերգային ծրագրով հանդես գանք: Ես որոշեցի մեկ անգամ ներկա գտնվել, տեսնելով պարային համարները, հասկացա, որ ես այնտեղ անելքի կունենամ: Պարերում առկա էին թատերական էլեմենտներ: Որոշվեց, որ պարերը պետք է կարել մի թելի՝ սյուժեի վրա. ստեղծել պիես «Հայի ցավը, հայի հոգին» վերնագրով: Կազմվեց ստեղծագործական խումբ, գրվեց սցենար: Սցենարի հեղինակը Գյումրու թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանն է:

Հերոսներ պիտի առաջ գային և այդ հերոսը պիտի լիներ գյումրեցին, լոռեցին, մշեցին: Հերոսներին մարմնավորում էին Գյումրու թատրոնի արտիստներ Հովհաննես Հովհաննիսյանը, Ասպրամ Բաղդասարյանը,Արսեն Միքայելյանը, Վանաձորի թատրոնի դերասաններ Ալլա Դարբինյանը, Մայիս Սարգսյանը: Նշեմ նաև ,որ համերգ-ներկայացման հասցեատերերը երիտասարդներն էին»:

Համերգն-երկայացումից իր ստացած տպավորություններով մեզ հետ կիսվեց նաև՝ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը. «Դա իսկական տոն էր, ես վաղուց այս քաղաքում նման տոն չէի տեսել: Շատ լավ է, որ մշակութային կապերը ամրապնդվում են, ինձ շատ դուր եկավ մտահղացումը, ձևավորումը շատ բարձրակարգ էր: Մաղթում եմ, որ նման ծրագրերը շարունակվեն: Բարձր եմ գնահատում երիտասարդների կատարած աշխատանքը: Բալետմաստերին միշտ հաջողվում է խումբը թարմացնել: Ես ինձ համար հայտնաբերեցի բոլորովին նոր կարող ուժեր: Ավանդականը պահպանելով՝ մոդեռն կար ,այդ համադրությունը ինձ շատ դուր եկավ: Շատ գեղեցիկ էր լուսային ձևավորումը. Հսկայական աշխատանք էին կատարել և՛պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, և՛ բեմադիրչ Լյուդվիգ Հարությունյանը: Ես տպավորված հեռացա դահլիճից».-ասաց Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ինչպես տեղեկացրեց համերգի պրոդյուսերը՝ «Հորովելցիները» ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության հարցերի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ նույն համերգային ծրագրով հունիսի 12 –ին կներկայանան Ստեպանակերտի մշակույթի պալատում և հունիսի 21 –ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոնում :

Ստելլա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031