Հաղորդավար Եգոր Գլումովը, որն առհասարակ, «Եվրատեսիլ»-ով չի հետաքրքրվում եւ հետեւում է միայն մեր երկրի ներկայացուցչի ճակատագրին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այդ մրցույթից որեւէ ինտրիգ չի սպասում. «Կարեւորն այն չէ, որ մեր երգն անպայման հաղթի, տվյալ դեպքում դա երկրորդական խնդիր է, պարզապես պետք է, որ երգի մեսիջը հասնի ողջ Եվրոպային։ Կազմելով «Genealogy» խումբը՝ մենք նախ ինքներս մեզ ապացուցեցինք, որ կարող ենք համախմբվել եւ աշխարհի առջեւ պահանջներ դնել։ Այս պարագայում ինձ չի հետաքրքրում՝ մեր երգը լավագույն տասնյակում կընդգրկվի՞, թե՞ ոչ. ամեն դեպքում երաժշտությունը, մշակույթը կարող է անել այն, ինչը չեն արել տարբեր երկրների կառավարությունները»,- ասաց նա։
Բլոգեր Տիգրան Քոչարյանի (Փիղ) կարծիքով էլ բուքմեյքերները հիմնականում ճիշտ կանխատեսումներ են անում, եւ մեր հաղթանակի շանսերը փոքր են. «Սակայն, ամեն դեպքում, ամենակարեւորը ճիշտ ներկայանալն է, Հայոց ցեղասպանության թեմայով ճիշտ մեսիջներ փոխանցելը առավելագույնս մեծ թվով անձանց։ Հաղթել-չհաղթելու մասին անիմաստ է խոսել»,- ընդգծեց նա։
Բլոգերն անկեղծացավ՝ նշելով, որ երկար ժամանակ է՝ չի հետեւում «Եվրատեսիլ»-ին։ Նա այն համոզման է, որ այդ մրցույթի թիրախային լսարանը կազմում են պատանիները. «Այնպես որ, «Եվրատեսիլ»-ին հաղթանակի հույսերով գնալը, այդ կապակցությամբ բյուջեից գումարներ ծախսելն, իմ կարծիքով ճիշտ չէ։ Շատ թվով երկրներ չեն մասնակցում մրցույթին, հայտնի է, որ այն շատ դեպքերում քաղաքականացվում է։ Կարծում եմ՝ Հայաստանը պետք է խուսափի «Եվրատեսիլ»-ին պետական մակարդակով ուշադրություն դարձնելուց. եթե կլինեն երգիչ-երգչուհիներ, որոնք ցանկություն կհայտնեն իրենց մասնավոր միջոցներով մասնակցելու մրցույթին, թող մասնակցեն»,- ասաց նա։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում