Մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով որպես վկա ներգրավված եւ այդ կարգավիճակով հարցաքննված Տիգրան Խաչատրյանը, մեր տեղեկություններով, քննիչի կողմից ուղղված բազմաթիվ հարցերին հրաժարվել է պատասխանել՝ հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածին (ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ): Հարցաքննվելուց հետո նրա կարգավիճակը չի փոխվել, եւ նա գնացել է տուն։ Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը նրա նկատմամբ հարկադիր բերման ենթարկելու որոշում էր կայացրել, ինչից հետո Տիգրան Խաչատրյանը հեռացել էր երկրից։
Մեր հարցին, թե սույն քրեական գործի շրջանակներում կասկածյալներ կամ մեղադրյալներ կա՞ն ներգրավված, թե ոչ, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը պատասխանեց, որ դատավարական նման կարգավիճակ ունեցող անձ այս պահի դրությամբ չկա։ «Քրեական գործի շրջանակներում շարունակվում են քննչական եւ դատավարական գործողություններ՝ միջադեպին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ, որոնց հիման վրա էլ կկայացվեն համապատասխան դատավարական գործողություններ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։
Մեզ հաջողվեց ճշտել նաեւ, որ սույն միջադեպի գլխավոր դերակատարներից մեկը Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին է՝ 26-ամյա Դերենիկ Ղեւոնդյանը։ Վարույթ իրականացնող մարմինը նրա նկատմամբ նույնպես հարկադիր բերման ենթարկելու որոշում է կայացրել, սակայն նա բացակայում է հանրապետությունից եւ դեռեւս չի ներկայացել հարցաքննության։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com