Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմնավորեցին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը

Մայիս 19,2015 11:32

ՀՀ խորհրդարանում ընթացող ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը խոսեց անգլերեն: ԵԽԽՎ-ի եւ Հայաստանի համագործակցության համատեքստում նա խոսեց ԵԽԽՎ-ին միանալուց հետո Հայաստանի կատարած պարտավորությունների մասին`ամրագրելով, որ բարեփոխումների ուղղությամբ շոշափելի առաջընթաց է գրանցել Հայաստանը: «Բայց մենք հասկանում ենք, որ ժողովրդավարական երկիր կառուցելը շարունակական գործընթաց է»,- ասաց ԱԺ փոխխոսնակն`անցնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Նա ասաց, որ ՀՀ իշխանությունները նշանակություն են տալիս սահմանադրական բարեփոխումների գործընթացին, որը նպատակ ունի ավելի թափանցիկ դարձնել կառավարման համակարգը, հավասարակշռել իշխանական թեւերը: Երախտագիտություն հայտնեց ԵԽ-ին, նաեւ Վենետիկի հանձնաժողովին, գործընթացին աջակցելու համար: «Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է երկրի համար`բարեփոխումների եւ այն չպետք է բաց թողնենք»,- վստահ է Հերմինե Նաղդալյանը:

Հայաստանի իրավական համակարգին վերաբերվող իր ելույթի համատեքստում ՀՀ ՍԴ անդամ, ԵԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանն էլ խոսեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին: Նա նկատեց, որ գործընթացը մեր հասարակությունում միանշանակ չի ընդունվում, կան սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող քաղաքական գործիչներ, ուժեր: Կա՞ , արդյոք, այդ բարեփոխումների անհրաժեշտությունը մարդու իրավունքների տեսանկյունից`իր իսկ հնչեցրած հարցին, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց, որ Սահմանադրական նորմերի միջեւ անհամապատասխանություն է տեսնում, ինչը դատարանների տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս: Ուստի, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, նա խնդիր է տեսնում եւ այս իմաստով անհրաժեշտ է համարում բարեփոխումների գործընթացը:

Տիկին Գյուլումյանն անդրադարձավ նաեւ ԵԴ-ի կողմից ՀՀ-ի դեմ կայացված վճիռներով արդեն իսկ կայացված որոշակի օրենսդրական փոփոխություններին, որոնք հօգուտ մարդու իրավունքների են եղել: Որպես օրինակ բերեց «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործից, որը վերաբերվում է կրոնական եւ այլ նկատառումներով զինվորական ծառայություններից խուսափող անձանց: Ի կատարումն այդ վճռի, ՀՀ-ն անդրադարձավ այլընտրանքային զինծառայության մասին օրենքին եւ որոշակի փոփոխություններ եղան:

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը շատ երկար հիմնավորեց նաեւ ՍԴ մեկ այլ անդամ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Դանիելյանը`հիմնականում կենտրոնանալով իշխանական թեւերի հավասարակշռման սկզբունքների վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031