Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի ճանապարհի ազատագրման օրը

Մայիս 19,2015 11:15

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, մեր ազգի երազանքն էր Արցախի վերամիավորումը Մայր հայրենիքին, և ազգովի ՄԻԱՑՈՒՄ էինք կանչում: Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա գտնվող Լաչին քաղաքը, որ մինչև 1923 թվականը փոքր գյուղ էր և կոչվում էր Աբդալյար, իսկ հետագայում բնակեցվեց հիմնականում քրդերով ու թուրքերով, դարձավ Կարմիր Քուրդիստանի(մինչև 1930 թ.), այնուհետև Լաչինի շրջանի վարչական կենտրոնը, իսկ 1988 թվականից սկսած թշնամու կողմից վերածվեց ռազմական խոշոր հենակետի: Այստեղից էին թուրքերը ռմբակոծում Գորիսի տարածքը:

Իսկ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայության համար պարզապես պատուհաս էր Լաչինը: 1991 թ. «Օզակ-Кольцо» գործողության ժամանակ մայիսի կեսին հայաթափված Բերդաձորի ձերբակալված տղամարդկանց հիմնականում Լաչինի ոստիկանությունում էին պահել և խոշտանգել: Արցախի և Մայր հայրենիքի միջև անջրպետ դարձած ռազմական այս հենակետի վերացումը հնարավոր դարձավ 1992 թվականի մայիսի 18-ին՝ Շուշիի ազատագրումից 10 օր հետո:

DSCN5424 DSCN5383 DSCN5323 DSCN5456

Մեր հաղթական ուժերը Բերդաձորի և Գորիսի կողմերից մտան Լաչին և իրականացրեցին ՄԻԱՑՈՒՄԸ: 1994 թվականի սկզբին սկսվեց ազատագրված մեր հայրենիքի վերաբնակեցումը, և Լաչինը դարձավ Բերձոր, շրջանը վերանվանվեց պատմական Քաշաթաղ անունով, վերստին հայացավ հազարամյա մեր երկիրը: Անցել է 23 տարի Լաչին-Բերձորի ազատագրման պատմական ու հերոսական այն օրից, և այդ առթիվ կայացավ տոնական միջոցառում:

Տոնականորեն զարդարված ու մարդաշատ էր Բերձորի Խաղաղության հրապարակը, որի հարևանությամբ գտնվող բլրակի վրա է Արցախյան գոյամարտում նահատակված քաջորդիներին նվիրված հուշահամալիրը՝ խոնարհված 3 պատերով, որոնց վրա քանդակված է Քաշաթաղի տարածքում նահատակված 300-ից ավելի քաջերի անունները: Այստեղ կան նաև մոտ 10 հուշակոթողներ, այդ թվում Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Հատուկ գնդի, Շուշիի ազատագրման ժամանակ մարտիրոսված քաջերին նվիրված խաչքար-կոթողները:

Բերձոր է ժամանում Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ կառավարության անդամների հետ; Քաշաթաղցիների տոնին մասնակից են լինում նաև հյուրեր Արցախի տարբեր շրջաններից, Մայր հայրենիքի տարբեր մարզերից, լրագրողներ:

Հուշահամալիրում կայացավ տոնի հանդիսավոր մասը: Սկզբում ծաղիկներ խոնարհվեցին հուշակոթողների և խոնարհված պատերի մոտ: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը հայտարարում է հանդիսավոր մասի բացումը: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգում են նահատակ ազատամարտիկների հիշատակը: Շրջանի տարբեր դպրոցների աշակերտները հանդես են գալիս միասին, ասմունքով ու երգով ողջունում ներկաներին՝ հավաստելով, որ շարունակելու են գոյամարտի հերոսների գործը՝ լավ սովորելով, հայրենիքի համար բարին կատարելով, Աստված ոչ արասցե, հարկ եղած դեպքում պատրաստ են նաև զենք վերցնել: Այս մանուկները շրջանի պատիվն արդեն բարձր են պահել հանրապետական տարբեր մրցույթներում, և պատահական չէ, որ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի կողմից արժանացան պատվոգրի և նվերների:

Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանն իր շնորհավորական խոսքում կարևորեց այն, որ ազատագրված Բերձորը դարձավ բանալին այն դարպասի, որը մնայուն կապ ստեղծեց Մայր հայրենիքի և Արցախի միջև: Փառք տվեց այն հերոսներին, ովքեր իրենց արյամբ կերտեցին նորօրյա հաղթանակները՝ սրբացնելով հող-հայրենին: Նշեց, որ ներկաներից շատերը գոյամարտի մասնակիցներ են, և պետք է զգոն լինենք, չկրկնենք անցյալի սխալները և հարկ եղած դեպքում դառնանք հայրենիքի զինվոր:

Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը նշեց, որ 23 տարի առաջ Բերձորի ազատագրումով Արցախը միավորվեց Մայր հայրենիքին, սակայն հերոսական մարտերը շարունակվեցին, և ամբողջովին ազատագրվեց Քաշաթաղի շրջանը, որը ոչ միայն դարձավ կյանքի ճանապարհ, այլ կարևոր նշանակություն ունեցավ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի համար: «Մեր արմատներն այս հողում ունեն հազարամյակների պատմություն: Եվ որքան էլ թշնամին ջանացել է ոչնչացնել, միևնույն է դրանք արմատախիլ անել հնարավոր չէ, և մի ծիլն էլ բավարար է՝ կրկին ծաղկելու համար»,-ավելացրեց Վ. Մովսիսյանը:

ԼՂՀ ԱԺ Քաշաթաղի և Շուշիի տարածքի նորընտիր պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը, ողջունելով ու շնորհավորելով ներկաներին, ասաց. «Սարդարապատի հերոսամարտի նման կարևոր նշանակություն ունեցավ Բերձորի, ապա ամբողջ Քաշաթաղի ազատագրումը, որը կարևորվեց նաև նրանով, որ 200-ամյա գերությունից իր իսկական տերերին վերադարձավ կորսված հայրենիքը»:

Օրվա առթիվ եղան նաև պարգևատրումներ: ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին կրթության բնագավառի ներկայացուցիչներ Բերձորից և գյուղական համայնքներից: Արցախի վարչապետ Ա. Հարությունյանը, հանձնելով նաև Արցախի ազատամարտիկների միության կողմից տրված պարգևները, շնորհավորեց պարգևատրվածներին՝ հայտնելով նաև շնորհակալություն լավ աշխատանքի համար և հավելեց. «Ամենակարևորը, ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, Բերձորի ազատագրման 23 ամյակի առթիվ, որը հնարավորություն տվեց արցախցուն ցամաքային ճանապարհով կապ հաստատել Մայր հայրենիքի հետ: Առանց այդ հաղթանակի վտանգված էր Արցախի ճակատագիրը: Այսօր այստեղ են այդ հաղթանակը կերտող ազատամարտիկներից շատերը՝ իմ մարտական ընկերները, որոնց բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում»:

Ա. Հարությունյանը նշեց, որ այդ օրն էլ շատ էին ուրախացել, ինչպես Շուշիի ազատագրման օրը: Անդրադարձավ նաև ազատագրված և վերստին հայացած շրջանների զարգացման խնդրին՝ կարևորելով այն, որ Քաշաթաղի շրջանում զգալի է առաջընթացը: Ուրախությամբ ընդգծեց, որ այստեղ արձանագրվել է ծնելիության ամենաբարձր մակարդակ:

Հյուրերի թվում էին նաև ՀՀ Երկրապահ կամավորականների միության պատվիրակները, պատանի երկրապահներ: Վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանը, շնորհավորելով օրվա առթիվ, մաղթեց, որ շրջանը հարատևի, և բնակչության թիվը բազմապատկվի: Այնուհետև ԵԿՄ հուշամեդալներով ու պատվոգրերով պարգևատրեց մի խումբ ազատամարտիկների:

Պարգևներ ու նվերներ եղան նաև շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի կողմից: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Բերձորի պատվավոր քաղաքացի Գուրգեն Մելիքյանը, որը մեծ ներդրում ունի շրջանի կայացման գործում, երախտագիտություն հայտնեց բոլոր ազատամարտիկներին, ովքեր կերտեցին մեր հաղթանակը:

Հանդիսավոր մասից հետո տոնի մասնակիցներն այցելեցին Բերձորի երկրագիտական թանգարան, որտեղ ԼՂՀ վարչապետը հետաքրքրվեց ցուցանմուշներով, շենքի պայմաններով:

Այց եղավ նաև Բերձորի քաղաքային գրադարան: Ա. Հարությունյանը Ս. Խաչատրյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ներկա եղավ Բերձորում վերջերս բացված բիլիարդի ակումբում կայացող Բերձորի բաց առաջնության եզրափակիչ խաղին:

Երեկոյան Բերձորի Վեհափառի հրապարակում կայացավ տոնական համերգ Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի և արվեստի դպրոցի պարի խմբակի սաների մասնակցությամբ: Բերձորի քաղաքապետարանի կողմից ներկաներին մատուցվեց արդեն ավանդական դարձած հարիսա և կարմիր գինի:

Օրն ավարտվեց տոնական հրավառությամբ:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031