Նախկին քառյակի ուժերը շարունակում են նույն հարցի շուրջ համակարծիք լինել, բայց միասնական չլինել։ Ըստ էության՝ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջարկած լսումներին դեմ չէ, նրանք էլ ՀԱԿ-ի առաջարկած հանձնաժողովի ստեղծմանը դեմ չեն, բայց, չգիտես ինչու, ընդհանուր հայտարարի չեն գալիս, որ միասնական որոշում կայացնեն։ Արդյունքում՝ ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացան ընդամենը 17 հոգի, որոնց թվում չկային ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ստորագրությունները, ինչպես նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ստորագրությունը։ Փոխարենը՝ ամբողջ կազմով ստորագրահավաքին միացել է ՕԵԿ-ը, որը մի կես ժամով «քառյակի» վերածված ուժերի նիստին չէր մասնակցել։
ՕԵԿ-ից բացի, ստորագրողների թվում են եղել նաեւ անկախ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, երեկ միացավ նաեւ ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը։
ՀԱԿ խմբակցության ղեկավարը, պատասխանելով մեր դիտարկմանը, որ կարծես թե կրկին քառյակի ձեւաչափով նոր համագործակցություն է ստեղծվում, բայց դարձյալ իրար չհասկացաք, ի՞նչն է խանգարում մի հարցի շուրջ վերջնական կոնսոլիդացիայի հասնել, ասաց. «Հիմա թե կոնկրետ ինչու են մերժել մեր առաջարկը, դա պետք է իրենց հարցնեք, ես էստեղ չեմ ուզում խնդիր տեսնել, առավել եւս, որ պայմանավորվածություն կա, որ ապագայում մենք կփորձենք ընդհանուր դիրքորոշման գալ, եւ վստահ եմ, որ գնալով ինքը՝ կյանքը, պարտադրելու է մեզ համագործակցել»։
Զուրաբյանի խոսքով, իրենց եւ նրանց առաջարկների միջեւ որեւէ հակասություն չկա, մեկը կարճաժամկետ գործիք է՝ լսումները նկատի ունի, մյուսը՝ հանձնաժողովի ստեղծումը, երկարաժամկետ գործիք է, որը հնարավորություն կստեղծի արդեն խորհրդարանի ներկայացուցիչներին ծանոթանալ գործի նյութերի հետ։
Կարդացեք նաև
ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքը, սակայն, փաստացի տապալվեց։ Թե ինչ են ծրագրում անել հաջորդիվ, ինչ քայլերով են պայքարելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, Լեւոն Զուրաբյանը տեսնում է կրկին կոնսոլիդացման եւ համախմբված ուժերով հանրահավաքներ անելու, խորհրդարանի դահլիճին զուգահեռ՝ պայքարը նաեւ փողոցում շարունակելու մեջ։
«Մենք գիտենք, որ գնում է կազմակերպված թալան։ Հիմա մեր մոտեցումը հետեւյալն է՝ ինչքան դիմադրություն չտեսնեն, էնքան ավելի շատ են թալանելու։ Ուրեմն պետք է կազմակերպել դիմադրության ճակատ, ժողովրդին հանել փողոց, ստեղծել լայն համախմբում։ Դրա համար մենք էս քայլն էս կոնտեքստում ենք տեսնում։ Ինչ է, միայն հանձնաժողով ստեղծելով հա՞րց էինք լուծելու»,- ասաց նա՝ նշելով, որ հանրահավաքներ անելն անհրաժեշտ է, քանզի կարծում է, որ առանց դրա հարցը չի լուծվի։ Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է համագործակցություն բոլոր քաղաքացիական ուժերի միջեւ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում