Ռուսաստանցի հոկեիստները, եզրափակչում 1:6 հաշվով պարտվելով կանադացիներին, աշխարհի առաջնությունում նվաճեցին արծաթը: Ոչ ոք չի սիրում պարտվել, բայց դա սպորտ է, որը, ինչպես եւ ամբողջ կյանքը, չի կարող բաղկացած լինել միմիայն հաղթանակներից: Այն, ինչ հետեւեց եզրափակիչ խաղին, չափազանց տգեղ էր. Ռուսաստանի հավաքականի խաղացողների մեծ մասը մինչեւ վերջ չմնաց պարգեւատրման արարողությանը եւ լքեց մարզադաշտը, երբ պիտի հանձնեին ոսկե մեդալները ու հնչեր Կանադայի օրհներգը:
Ժամանակին ես երկրպագում էի խորհրդային հավաքականին, որը, բնականաբար, ե՛ւ հաղթում էր, ե՛ւ պարտվում, բայց, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, որ Վլադիսլավ Տրետյակը կամ Ալեքսանդր Յակուշեւը պարտության դեպքում այդպես վարվեին: Այն ժամանակ Խորհրդային Միության եւ Արեւմուտքի հարաբերությունները նույնքան վատն էին, որքան հիմա, բայց սպորտային էթիկայի մասին պատկերացումներն ավելի բարձր մակարդակի վրա էին: Խնդիրը, հետեւաբար, ոչ այնքան քաղաքական է, որքան բարոյական: Այսօրվա ռուսաստանցի մարզիկների վարքն ինձ հիշեցրեց այն դեպքը, երբ ադրբեջանցի մարզիկը պպզել էր պատվանդանի վրա` Հայաստանի օրհներգը հնչելու ժամանակ:
Պարտության դեպքում դարդ անելը կամ չանելը հոյակապ ցուցիչ է, որի շնորհիվ կարելի է իմանալ՝ գործ ունենք հաջողա՞կ, թե՞ անհաջողակ մարդու (ազգի) հետ: Շառլ Ազնավուրը, որն, անշուշտ, 100 տոկոսով կայացած մարդ է, Պոզներին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք եղե՞լ են հիասթափության պահեր, երբ երիտասարդ տարիներին նրան չէին ընդունում որպես երգիչ, ասել է` երեկոյան նման մտքեր ունեցել եմ, սակայն առավոտյան՝ երբեք:
Արժանապատվորեն, բաց ճակատով պարտությունն ընդունելը նշանակում է ճանապարհ հարթել հետագա հաղթանակների համար: Պարտության դեպքում ամբողջ աշխարհին մեղադրելը, անարդարությունից եւ «դաղալությունից» բողոքելը նշանակում է մշտապես պարտված մնալ: Դրա հաջորդ քայլերն են սեփական թանկագին անձի հանդեպ անսահման խղճահարությունը եւ զոհի կերպարի մեջ մտնելը: Իսկ անհաջողակը, ,զոհըե միշտ փնտրում է իր նման «զոհերին»` «նեղացածների դաշինք» ստեղծելու եւ պարտությունների մասին անվերջանալի խոսակցություններ վարելու նպատակով: Այսպես ասած, բացասական փորձի փոխանակում:
Կարդացեք նաև
Գուցե դա տարօրինակ հնչի, բայց իմ համոզմամբ՝ մեծ հաշվով, պարտություններ, անհաջողություններ չկան, կան փորձություններ, որոնց համար պետք է շնորհակալ լինել, քանի որ դրանք դասեր քաղելու հնարավորություն են: Ինչպես ասում են՝ երբ Աստված ձեզ նվեր է ուղարկում, նա սովորաբար փաթեթավորում է այն որպես խնդիր: Որքան մեծ է խնդիրը, այնքան խոշոր է փաթեթավորված նվերը:
Արամ Աբրահամյան
Լիովին համամիտ եմ:
Անաստվածի համար օտարի աստծօ փաթեթավորված խնդիրը նվեր է թվում (հադիսանում):
Թէ որեւէ պարտութիւն, հիմնականում՝դաս է, անկասկած:
Պարզ է թէ մարդ աւելի շատ բան կը սովորի պարտութիւնից, քան թէ յաղթանակից:
Այս հաստատումը նաեւ, որոշ պարագաների, ինքնամխիթարման միջոց է:
Ուրեմն, երբեմն ել բաղձալի կը լինի որ… նուազ բան սովորենք:
Վտանգը սակայն ուրանալն է պարտութիւնը, եւ նոյնիսկ աւելին՝ զայն նկատելը, ներկայացնելը, որպէս… յաղթանակ: Այս մօտեցման մէջ կ’իյնայ յատկապէս «բարոյական յաղթանակ»ի յղացքը…
Այդ ճանապարհը տանում է դէպի անդադար – եւ միշտ հրճուագին – պարտութիւններ…