Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների «կլիենտուրան» և ևս մեկ «անօրինական» հանրաքվե

Մայիս 18,2015 22:21

«Ես չգիտեմ Ազգային միաբանությունը ի՞նչ կուսակցություն է, ո՞ւմ է ներկայացնում և ի՞նչ իրավական գիտելիքներ նրանք ունեն, դրա համար անհայտ ծագում ունեցող կառույցների տեսակետները չեմ քննարկում և ինձ բացարձակ հետաքրքիր չէ»,-Aravot.am-ի հարցին՝ համամի՞տ է արդյոք «Ազգային միաբանություն կուսակցության» այն պնդմանը, որ պետք է վերանայել ընտրությունների անցկացման ժամկետը և այն դարձնել 5-ի փոխարեն 2,5 տարին մեկ անգամ և նույն տարում անցկացնել և′ խորհրդարանական, և′ նախագահական ընտրություններ, այսպես պատասխանեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը:

Նշենք, որ «Ազգային միաբանությունն» այն կուսակցություններից է, որոնք Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել ենք սահմանադրության հայեցակարգի վերաբերյալ իրենց դիտողությունները: Ստեփան Դանիելյանը նշեց, թե «նման կուսակցության գոյությունը ինձ համար անհասկանալի է և կարծիքը ոչինչ չի նշանակում»:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ պարոն Դանիելյանն ասաց, որ «ՀՀ խնդիր ոչ թե սահմանադրական փոփոխություններն են, այլ անօրինական ընտրությունները» ու հավելեց. «Մինչև ընտրությունների օրինական անցկացման հիմք չլինի, որևէ սահմանադրական փոփոխության քննարկումը անիմաստ է»:

Դառնալով առաջարկություններով հանդես եկող կուսակցություններին՝ պարոն Դանիելյանը նշեց. «Նման առաջարկություններ անողները ուղղակի գործող իշխանության կլիենտուրան են, որոնք սատարում են ընտրական կեղծիքների համակարգին:

Արդեն իսկ գնալ քննարկման, դա նշանակում է սպասարկել: Ովքե՞ր են այդ Ազգային միաբանություն կուսակցությունը, որ որևէ առաջարկ, որևէ մեկին ներկայացնեն»:

Մեր այն դիտարկմանը, թե նման կուսակցությունների միջոցով փաստորեն իշխանությունները փորձում են ցույց տալ, թե Վենետիկի հանձնաժողովի շեշտած «քաղաքական կոնսոլիդացիան» գոյություն ունի՞, Ստեփան Դանիելյանն արձագանքեց. «Սրանք կեղծ քաղաքական գործընթացներ են, և երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ չպետք է սրանով զբաղվեն»:

Մեր այն դիտարկմանը՝ մտահոգություն չկա՞, որ հանրաքվեով այս հարցն էլ կանցկացնեն, մանավանդ տեղական հանրաքվեների արդյունքները ցույց են տալիս «այո»-ների առատություն, Ստեփան Դանիելյանն արձագանքեց. «Ցանկացած հանրաքվե՝ լինի դա ընտրությունների տեսքով, թե նոր Սահմանադրության հետ կապված, կարող է լինել ընդունելի միայն այն դեպքում, երբ ընտրությունների մասնակցած անձանց ցուցակները տպագրվեն: Եթե չեն տպագրվում, ապա բոլոր այդ հանրաքվեները ոչինչ են, թող իշխանություններն իրենք իրենց համար զբաղվեն նման գործընթացներով, հասարակությունը դրանով չպետք է զբաղվի, նույնիսկ կարծիք էլ չհայտնի մինչև մասնակիցների ցուցակները չտպագրվեն: Այդ հանրաքվեն էլ կլինի անօրինական, մինչև մասնակիցների ցուցակները չտպագրվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031