Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ստացել է տարբեր կուսակցությունների դիտողությունները՝ կապված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ:
«Ազատություն» կուտակությունը` ի դեմս Հրանտ Բագրատյանի իր մտահոգություններն է հայտնել այս փաստաթղթի վերաբերյալ: Հրանտ Բագրատյանը նշում է. «Նախագահի պաշտոնը հանելով կամ թուլացնելով դեմոկրատիա չի ստացվում։ Դա բերելու է մի անպատասխանատու վիճակի. այսօր գոնե հստակ կարողանում ենք սխալների համար մեղադրել երկրի ղեկավարին։ Վաղը դա էլ չի լինելու։ Իսկ իշխանություններն արդեն «սահմանադրության» շրջանակներում անելու են այն, ինչ ուզում են»:
Մյուս մտահոգությունը վերաբերում է սփյուռքահայերի ընտրության իրավունքին: Հրանտ Բագրատյանը նկատում է. «Սահմանադրությամբ վտանգ կա կորցնելու ընտրության ինստիտուտը, ոչնչացնելու քաղաքացիության համակարգը։ Ի՞նչ կնշանակի սփյուռքի ներկայացուցիչ և ի՞նչու նա պետք է ՀՀ նախագահ ընտրի։ ՀՀ Նախագահը նրան կառավարու՞մ է, որ նա իբրև ներկայացուցիչ ընտրվի։ Բա ու՞ր մնաց ՀՀ քաղաքացին»:
Պարոն Բագրատյանը նաև փաստում է, թե հանձնաժողովում չեն ընդգրկվել հայտնի սոցիոլոգներ, տնտեսագետներ, պատմաբաններ, փիլիսոփաներ։ Սահմանադրական հայեցակարգի մշակմանը բավարարվել են Վենետիկի հանձնաժողովի 6 անդամների կցկտուր դիտողություններով։ Այնուհետև եզրակացնում. «Սա ևս մի անգամ համոզում է, որ սահմանադրական բարեփոխումների նպատակը բոլորովին այլ է, քաղաքական և խնդիր չի դրված բարելավելու երկրի կառավարման որակը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանից հետաքրքրվեց՝ օրինակ իրենց որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցչի, երբևէ հրավիրե՞լ են սահմանադրական բարեփոխումների քննարկումներին, նա պատասխանեց, որ ոչ նաև հավելեց, թե իրենք էլ չեն դիմել: Սակայն շեշտեց՝ փոփոխություններն անհրաժեշտ են և այդ գործընթացին մասնակցել անհրաժեշտ է, քանի որ սա սկզբունքային հարց է, ու չմասնակցել և բոյկոտել, կնշանակի մեր անզորությունը խոստովանել, թե «սա վատ է, մեկ է՝ ինչ ուզեն, կանեն, դրա համար ավելի լավ է բոյկոտել»:
Արտակ Կիրակոսյանի համոզմամբ՝ նույնիսկ, եթե պարտված էլ դուրս գաս, դա կլինի պայքար, որը կպնդացնի քաղաքացիական հասարակությունն ու կուսակցությունները:
Արտակ Կիրակոսյանն այնուամենայնիվ երաշխիքներ չի կարող տալ, եթե փոփոխությունները կատարեն, շատուշատ խնդրոտ հարցերի լուծում ենք տալու:
Անդրադառնալով սփյուռքահայերի ընտրության իրավունքի հարցին՝ պարոն Կիրակոսյանը, ըստ էության հակադարձեց Հրանտ Բագրատյանի պնդմանը. «Այսօր իրականում տարօրինակ իրավիճակ է. ՀՀ քաղաքացիները, որոնք դրսում են, հնարավորություն չունեն մասնակցելու ընտրություններին: Այնպես չէ, որ միանգամից յոթ միլիոն անձնագիր կտան ու սփյուռքահայերն ընտրություններին կմասնակցեն, դա իրատեսական չէ: Բայց տարօրինակ է այն, որ այն մարդիկ, որոնք ժամանակավոր աշխատանքի են մեկնել արտերկիր, չունեն ընտրելու հնարավորություն»:
Հրանտ Բագրատյանի այն մտահոգությանը՝ արդյոք լուծվու՞մ համամասնական ընտրակարգին անցնելու խնդիրը, կամ մի՞թե ՀՀ նախագահի պաշտոնի վերացման կամ թուլացման արդյունքում անպայմանորեն լծակներ է ստանալու ընդդիմությունը, պարոն Կիրակոսյանն ընդհանուր բնույթի պատասխան տվեց. «Ես չեմ լուծում տվողը: Որևէ մեկի տեղ չենք կարող պատասխանել: Բայց պետք են փոփոխությունները, քանի որ այսօրվա սահմանադրությունը շատ խնդիրներ ունի: Երաշխիք չկա ոչ մի բանի, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալենք ու նստենք»:
Արտակ Կիրակոսյանը համամիտ է, որ սահմանադրական փոփոխությունների կայացումը նաև քաղաքական որոշում է լինելու, բայց դա բոյկոտելը սխալ կլինի: Նա ամփոփեց. «Ինչ-որ չնչին փոփոխությունների համար պայքարում ենք, բայց էական դեպքում ասում ենք մենք անզո՞ր ենք ու վե՞րջ: Դա սխալ է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ