Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս թե, 10-րդ դասարանի աշակերտներիս առաջին անգամ թանգարան եմ բերել»

Մայիս 18,2015 19:46

Թանգարանային գիշերը Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանն այցելուներին ներկայացել է իր մշտական ցուցադրությամբ:

Ցուցադրությունը նույնն է նաև այսօր՝ Թանգարանների միջազգային օրը:

Տուն-թանգարանի ֆոնդապահ Վիգեն Բարխուդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախորդ տարիներին միշտ էլ յուրահատուկ ծրագրերով են ներկայացել այդ օրերին, բայց այս տարի որոշել են ընդհանրապես ոչինչ չանել, քանի որ Թանգարանային գիշերը Թանգարանը մինչև կեսգիշեր այնքան մարդաշատ է լինում, որ անգամ հերթ է գոյանում, և մարդկանց համար դժվար է լինում այդ ամենն ընկալելը:

«Թանգարանը փոքր է, բայց ամեն սրահում մոտ երկու հարյուր հոգի մարդ է լինում,- ասում է նա,- սա ժողովրդի համար կարծես տոն լինի: Շատերն ընտանիքներով են գալիս ու թեև չեն դժգոհում հերթ կանգնելուց, բայց հաճախ մոտենում են մեզ ու ասում, որ դիտել հնարավոր չէ: Ասում են՝ հետո կգան, որ ավելի հանգիստ պայմաններում դիտեն, ու գալիս են»:

Վ. Բարխուդարյանի խոսքով՝ ամեն տարի Թանգարանային գիշերվա ընթացքում 3-4 հազար այցելու է ունենում Թանգարանը, իսկ տարեկան՝ 13-15 հազար այցելու. «Մեզ մոտ այդ թիվը չի նվազում, բայց, ցավոք, չի էլ ավելանում»,- ասում է Թանգարանի ֆոնդապահը՝ այդ հանգամանքը կապելով սոցիալ-տնտեսական պայմանների հետ:

«Հիմնականում արվեստի բուհերի ուսանողներն են գալիս: Շատ ակտիվ են զբոսաշրջիկները: Երևի չկա մի զբոսաշրջիկ, որ Թանգարան չգա, իսկ տեղացիներն առավել ակտիվ են Թանգարանային գիշերը. այդ օրը բոլորն աշխատում են գալ, և ամեն տարի ավելի ու ավելի շատ են գալիս»,- ասաց Վ. Բարխուդարյանը:

Նրա փոխանցմամբ՝ Թանգարանային գիշերվա ընթացքում Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում առանձնապես միջադեպեր չեն եղել. «Միայն մի ուսուցչուհի էր եկել իր աշակերտների հետ և պահանջում էր էքսկուրսիա անցկացնել իրենց համար, այն դեպքում, երբ Թանգարան մտնելու համար մարդիկ հերթ էին կանգնել: Ուսուցչուհուն ասացի, որ դա հնարավոր չէ, նա էլ հակադարձեց՝ ինչպե՞ս թե, 10-րդ դասարանի աշակերտներիս առաջին անգամ թանգարան եմ բերել: Զարմացա՝ առաջին անգա՞մ: Ասացի 4-5 տարով ուշացել եք. նրանց դեռևս 4-5-րդ դասարանից էր պետք թանգարաններ տանել: Ի վերջո, համաձայնության եկանք»,- պատմեց Վ. Բարխուդարյանը:

Նրա դիտարկմամբ՝ թանգարան գնալու կուլտուրան մեր մեջ աստիճանաբար ձևավորվում է: Հաճախ են, օրինակ, դպրոցականներին տանում թանգարաններ, բայց Թանգարանի ֆոնդապահը նկատել է, որ նախքան երեխաներին թանգարան տանելը ուսուցիչները, չգիտես ինչու, չեն նախապատրաստում նրանց, թե ուր են գնալու, ինչի համար, ինչ են անելու և այլն: Երիտասարդներն էլ են սկսել ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել թանգարաններին:

«Մի անգամ մի երիտասարդ հեռախոսով խոսելով մտավ թանգարան, ասում է՝ ջոկո՞ւմ ես՝ որտեղ եմ, զրուցակիցն ինչ-որ բան է ասում, հետո երիտասարդը պատասխանում է՝ Փարաջանով: Զրուցակիցը երևի կարծեց՝ ինչ-որ սրճարան է կամ ռեստորան, երիտասարդն ասաց՝ չէ, թանգարան է: Հետո շատ ցուցադրական՝ այնպես, որ բոլորը տեսնեն, հեռախոսը լրիվ անջատեց ու մտավ սրահ: Զգացվեց, որ այդ երիտասարդը հասկանում է՝ որտեղ է եկել»,- պատմեց Վիգեն Բարխուդարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031