Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Ուրիխանյանի թիկունքում Ռուսաստանն է կանգնած». քաղաքագետ

Մայիս 18,2015 19:30

Aravot.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի կողմից նոր կուսակցության՝ «Ալյանս»-ի ստեղծման փաստին:

«Տիգրան Ուրիխանյանի կողմից ստեղծված կուսակցությունը փորձեր է կատարելու լրացնել այն բացը ընդդիմադիր դաշտում, որը կա եւ ձեւավորվել է Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի կազմաքանդումից հետո: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք՝ այն, ինչ-որ եղել է Գագիկ Ծառուկյանի օրոք եւ այն, ինչ-որ կա հիմա Նաիրա Զոհրաբյանի օրոք, դրանք լիովին տարբեր ԲՀԿ-ներ են: Հիմա հետաքրքիր է, թե այս կուսակցությունը, որը իրեն ընդդիմադիր է հռչակել, ո՞վ է կանգնած այս կուսակցության թիկունքում: Եւ եթե նայենք, թե ով է այս կուսակցության ղեկավարը, կարող ենք նշել, որ սա Ռուսաստանի կողմից Հայաստանի ընդդիմադիր դաշտում ձեւավորած առաջին կուսակցությունն է: Հայաստանի համարյա բոլոր ընդդիմադիր կուսակցությունները ունեն եվրոպամետ, արեւմտամետ կողմնորոշում, ոչ մեկը ռուսամետ չէ: Ընդհակառակը նրանք քարկոծում են գործող իշխանություններին Ռուսաստանին շատ մեծ զիջումների գնալու, Ռուսաստանի պահանջներին կուլ գնալու եւ այն բանի համար, որ մենք այնքան կուլ ենք գնացել Ռուսաստանին, որ պաշտոնական Մոսկվան բացարձակ չի հարգում Հայաստանի հանրապետությանը եւ բանի տեղի չի դնում մեր պահանջները, շահերը: Գիտեք, որ Տիգրան Ուրիխանյանը բավական երկար է քաղաքական դաշտում, ինքը համարվում է «Առաջադիմական» կուսակցության հիմնադիրը, որը ձեւավորվել է 2000 թվականին:

Իր քաղաքական ակտիվ դիրքորոշման եւ իր թիկունքում կանգնած ուժերի շնորհիվ ինքը հայտնվեց ԲՀԿ-ում, սակայն շատ քչերը գիտեն, որ 2009-2011թթ-ին. Տիգրան Ուրիխանյանը եղել է «Էյ Ջի» սերվիսի, ժողովրդի մեջ ավելի հայտնի գազի ներտնային սպասարկման ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպության նախագահի խորհրդականի պաշտոնում: Իսկ Հայաստանում բոլորն էլ լավ գիտեն, որ այդ կազմակերպությունը վերահսկվում է «Հայռուսգազարդ»-ի նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի կողմից, որը հիմա բավական բարձր պաշտոն ունի ռուսական «Գազպրոմ» կորպորացիայում: Բացի դրանից, 2011 թվականին Տիգրան Ուրիխանյանը նաեւ հայ-ռուսական «Հասարակական կազմակերպությունների միության» նախաձեռնող խմբի ղեկավարն էր: Բացի դրանից, բոլորը շատ լավ հիշում են, որ Տիգրան Ուրիխանյանի հարսանիքին ներկա է գտնվել Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Այսպիսի ներկայությունները եւ պաշտոնները միամիտ տեղը չեն, եւ սրանով կարելի է ասել, որ Ռուսաստանն է կանգնած Տիգրան Ուրիխանյանի թիկունքում: Եւ ռուսական կողմը առաջին անգամ «Ալյանս»-ի միջոցով փորձ է կատարում դիվերսիֆիկացնել իր ներկայությունը ոչ միայն իշխանության մեջ, այլ ընդդիմադիր դաշտում եւ ընդդիմադիր դաշտի բավական մի ստվար զանգվածի ներքաշել իր հովանու ներքո, որովհետեւ Ռուսաստանը Ուկրաինայի պարագայում շատ լավ հասկացավ, որ համագործակցելով միայն գործող իշխանությունների հետ՝ հետագայում շատ մեծ խնդիրներ է իր շահերի համար ստեղծում այդ պետություններում, որտեղ իշխանության են գալիս ընդդիմադիր ուժերը, որովհետեւ ընդդիմության մեջ ինքը երբեւիցե իր կողմից հովանավորող կամ ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժեր չի ունեցել: Եվ դա երեւաց թե՛ 2003 թվականին, երբ որ իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում արեւմտամետ ուժերի հովանավորությամբ, թե՛ նախանցած տարի, երբ Ուկրաինայում իշխանության եկան արեւմտամետ ուժերը վերջնականապես քաղաքական ասպարեզից վերացնելով «Ռեգիոններ»-ի կուսակցությանը, որը ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Յանուկովիչի կողմից էր ղեկավարվում, եւ ինքը Ուկրաինայի նախագահն էր: Այնպես որ, այս դասերից հետո Ռուսաստանը փորձեր է կատարում ստեղծել իր կողմից վերահսկվող ընդդիմադիր ուժ, որի միջոցով ազդելու է ընդդիմադիր զանգվածի վրա»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ «Ալյանս» կուսակցությունն այսօր հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես  հերքել էին «Ալյանս»-ի իշխանությունների կողմից ստեղծված լինելը «կամ նման այլ հիմարությունները»:

Նաեւ նշել էին. «Մեծ հաշվով բոլորին պարզ է, որ բարեկիրթ, պարկեշտ ու քաղաքավարի, բայց խիստ քննադատող ու պահանջող պատգամավոր Ուրիխանյանի դեմ միշտ էլ ձեռնարկելու են անազնիվ, «տակից» ու թաքուն հարվածներ, և բնական է` պիտի խփեն այն բանին, ինչից վախենում են` մաքուր անցյալին, ազնիվ կեցվածքին, հեղինակությանն ու կամքին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Այսօրվա իշխանությունն ունի միայն մեկ մրցակից` դա Հիմնադիր Խորհրդարանն է:
    «Ալյանս» կուսակցության առաջին համագումարը,այստեղ են ԲՀԿ-ից հիասթափվածները, որն առաջին օրը ցույց տվեց իր դեմքը որ հերթական պառակտիչ ուժ է, լինելով ՀՀԿ-ի կցորդ մաս:Այն հարցին թե ինչպես եք գնահատում նոր կուսակցության բացումը,Սերժ Սարգսյանը կիսաժպտալով պատասխանեց թե«Ես ինձ շնորհավորեմ»:Մոտակա օրերին բացվելու է էլի մեկ կուսակցույուն, նույնպես նախկին ԲՀԿ-ական:«Ալյանս» կուսակցությանը նույն նալին ու մեխին խփող դիլետանտներ է որոնց գաղափարները միայն թղթի վրա կմնան:
    Մի նոր վտանգ է կախված Հայի գլխին:Այսօրվա իշխանությունն ունի միայն մեկ մրցակից` դա Հիմնադիր Խորհրդարանն է որը մի ոսկոռ դառձած կանգնել է ռեժիմի կոկորդին:
    -Դուք երբեք էլ ընդդիմադիր չեք լինի «Ալյանս» ու մեր ժողովուրդը հիմար չի,զույշ եղեք:ՀՊԿ-ը կոչ է անում, հայ ժողովուրդ «Զգույշ եղեք»:
    Կկայանա՞ կուսակցությունը, թե՞ ոչ, ՀՊԿ-ն պատասխանեց
    ՈՉ, ՕԼԻԳԱՐԽՒՆ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031