Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը ի վիճակին են ապահովել անդամների ամբողջական պաշտպանությունը այսօր գոյություն ունեցող սպառնալիքներից: Այս մասին, ըստ ռուսական «Ռիա» գործակալության, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Հավատացեք. այն ներուժը, որ ունեն Արագ արձագանքման հավաքական ուժերը, այն զինամթերքը եւ տեխնիկան, որ նրանք ունեն իսկապես երաշխավորում են մեր պետությունների ամբողջական անվտանգությունը: Առնվազն այն սպառնալիքներից, որոնք այսօր գոյություն ունեն»,- մասնավորապես ասել է նա:
Սեմերիկովը հստակեցրել է, որ այս դեպքում խոսքը ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դեմ բացահայտ ագրեսիայի մասին չէ: «Ես չեմ խոսում բացահայտ ագրեսիայի մասին, քանի որ, եթե բացահայտ ագրեսիա լինի ինչ-որ պետության կամ մի շարք պետությունների կողմից ՀԱՊԿ անդամի նկատմամբ, պարզ է, գործի կդրվեն ամբողջ զինված ուժերը, այդ թվում՝ մեր տարածաշրջանային խմբավորումները, ինչպես նաեւ մարտական աջակցության համապարփակ համակարգը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ