Պաշտոնական այցով Աթենքում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 18-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանում առանձնազրույց է ունեցել խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հետ:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ միջխորհրդարանական կապերը հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ, եւ խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով նպաստում է փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը: Նա կարեւորել է խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:
Առանձնազրույցից հետո ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի խորհրդարանի խոսնակը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:
Կարդացեք նաև
Ասուլիսին ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանի խոսնակին ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու եւ ելույթով հանդես գալու համար:
Նա Զոյի Կոնստանտոպուլուին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովն առաջիկայում կստեղծի «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» հանձնախումբ: ԱԺ փոխնախագահը Հունաստանի խորհրդարանի խոսնակին առաջարկել է նման հանձնախումբ ձեւավորել նաեւ Հունաստանի խորհրդարանում` նշելով, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջիկայում նման կոչով դիմելու է այլ երկրների խորհրդարանների եւս:
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ հարկավոր է պայքարել հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդդեմ պատերազմի, բարբարոսության եւ ցեղասպանության:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել հիմնախնդրի շուրջ Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի եւ դատապարտելի է համարել հակամարտության ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ՝ նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Հունաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին վերահաստատել է, որ Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
Զոյի Կոնստանտոպուլուն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի խորհրդարանին եւ մասնավորապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման պայքարում Հայաստանի կողքին է: