Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրելի՛ ՀՀԿ-ականներ, դուք մի ոլորտ էլ կքանդեք». Բագրատյանը՝ Ֆարմանյանին

Մայիս 18,2015 18:05

ԱԺ-ում քննարկվում է հերթական վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը: Այս անգամ խոսքը ՀՀ-ի եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագրի մասին է:

Համաձայնագրով նախատեսվում է եւս 53 մլն դոլար վարկ վերցնել:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա ասաց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրին, բայց անձամբ ինքը դեմ է քվեարկել:

Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ո՞վ է շահառուն վարկի: Արդյունքն ո՞վ է ստանալու եւ ի՞նչ կապ ունի գյուղատնտեսության հետ, այս վարկն ո՞վ է հետ տալու:

Սամվել Ֆարմանյանը պատասխանեց, որ վարկով նախատեսվում է գյուղական համայնքների ոռոգման համակարգը բարելավել, համայնքների ջրամատակարարման համակարգը բարելավել, նաեւ գյուղացիական փոքր վարկավորման սուբսիդավորում իրականացնել. «Շահառուն մեր ամբողջ գյուղատնտեսությունն է այն 7 մարզերում, որոնք ներգրաված են համաձայնագրում»:

Հրանտ Բագրատյանը հակադարձեց. «Սիրելի՛ ՀՀԿ-ականներ, դուք մի ոլորտ էլ կքանդեք՝ առանց խորանալու էության մեջ: Չի կարող գյուղատնտեսությունը շահառու լինել: Փող ենք վերցնում պարտքով: Պիտի հասկանանք ում ենք տալիս: Մենք բերում ենք անհասկանալի մի վարկ, տարիս ենք մի կազմակերպության եւ ոչ մի պատասխանատու չկա: Կզարմանամ, եթե վարկային այս համաձայնագիրը ստորագրելուց հետո համատարած թալան չլինի»:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ նույնիսկ Սահմանադրական դատարանը, որն իր գնահատականներում շատ զգուշավոր է, լրջագույն մտահոգություններ է հայտնել վարկային այս համաձայնագրի հետ կապված: Նա հարցրեց, թե ի՞նչ երաշխիք կա, որ 52.8 մլն այդ վարկային ներդրումը կունենա բարեխիղճ կատարում:

Սամվել Ֆարմանյանը պատասխանեց, որ երաշխիք կարող է լինել միայն այն, որ որպես խորհրդարան, իրենց վերահսկողական լիազորություններից օգտվելով՝ փորձեն հետամուտ լինել:

Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ արդեն պետք է պատասխան տան վարկերի անարդյունավետ ծախսերի համար: Սամվել Ֆարմանյանն էլ հորդորեց մի սանրով չսանրել բոլոր վարկային համաձայնագրերը, որովհետեւ դրանց մեջ կան արդյունավետ իրականացված ծրագրեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031