Լրահոս
Օրվա լրահոսը

Դալմայի այգու նախկին հողօգտագործողներին քաղաքապետարանը շարունակում է աջակցել իր լիազորության շրջանակում

Մայիս 18,2015 17:47

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը անդրադառնալով Դալմայի այգիների նախկին այն հողօգտագործողներին, ովքեր վիճահարույց խնդրով գալիս են քաղաքապետարան, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է օրենսդրական ու փաստացի հիմնավորումներով պարզաբանել, հստակեցնել, ապա իրազեկել հանրությանը Դալմայի այգու նախկին մշակողների պահանջի հետ Երևան համայնքի ունեցած հնարավոր առնչության մասին՝ ընդգծելով, որ ներկա իրավիճակում քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում առավելագույնս աջակցել ու աջակցում է այդ հոգօգտագործողներին։ Հարցի առնչությամբ աշխատակազմի իրավաբանական վարչության պետը տեղեկացրել է, որ ներկայում Երևան համայնքը այդ քաղաքացիների հանդեպ որևէ պարտավորություն չունի՝ ընդգծելով, որ Դալմայի այգու հարակից պետական սեփականություն հանդիսացող հողամասերը դեռևս 2004-2007թթ. մասնավորեցվել են՝ կառուցապատման նպատակով։

Նշվել է նաև, որ Շահումյանի շրջգործկոմի կողմից այգեգործական նպատակով վարձակալության տրամադրված այդ հողամասերի որոշ տարածքների վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվել են  դեռևս 90-ական թվականներին և, ըստ այդմ, Երևան քաղաքը համայնք ճանաչվելուց հետո քաղաքապետարանում հաշվառված է եղել 48 հողօգտագործող։ Իրավաբանական վարչության պետը նաև զեկուցել է, որ համաձայն քաղաքապետի կողմից տրված հանձնարարականի`  վարչությունը բանակցություններ է վարել հողերի ներկայիս սեփականատերերի հետ և արդյունքում 48 հողօգտագործողներից 35-ին տրվել է համապատասխան ֆինանսական օժանդակություն: Մյուս սեփականատերերի հետ էլ շարունակվում են բանակցությունները։ Մեկ անգամ ևս ընդգծելով, որ ներկայում Երևան համայնքը ո՛չ օրենսդրական, ո՛չ պայմանագրային պարտավորություն այդ քաղաքացիների հանդեպ չունի, իրավաբանական վարչության պետը նշել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարության` փորձում են հնարավորին աջակցել այդ անձանց:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ևս մեկ անգամ Դալմայի այգիների նախկին հոգօգտագործողներին բացատրել ստեղծված իրավիճակը՝ շարունակելով այսուհետ ևս հետևողական լինել խնդրի լիարժեք կարգավորման հարցում։

«Քաղաքապետարանի աջակցությունն այս հարցում, ըստ էության, բարի կամքի դրսևորում է։ Ավելին, իմ կողմից համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարական է տրված որևէ քաղաքաշինական փաստաթուղթ չտրամադրել այդ տարածքների սեփականատերերին, քանի դեռ հողօգտագործողների խնդիրները չեն կարգավորվել նրանց կողմից։ Այս հանգամանքը հաշվի առնելով է, որ մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, թե Դալմայի այգիների նախկին հոգօգտագործողներն ինչու են բողոքում հենց քաղաքապետարանի մոտ։ Այնուամենայնիվ, վերահաստատում եմ տրված հանձնարարականը՝ չտրամադրել քաղաքաշինական որևէ փաստաթուղթ, քանի դեռ խնդիրն ամբողջությամբ լուծված չէ»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031