Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 18-ին Միրզոյան գրադարանում տեղի ունեցավ «Եվրամիություն-Հայաստան. Գործընկերությունից մինչեւ բարեկամություն» ֆոտոցուցահանդեսի բացումը:
Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Նա նշեց, որ այս նախաձեռնությամբ եւս մեկ հնարավորություն է ստեղծվում տեսնելու Եվրամիության՝ Հայաստանում իրականացված գործունեությունը:
«Այս տարին Եվրոպան անվանել է զարգացման տարի եւ «Մեր աշխարհը, մեր արժանապատվությունը եւ ապագան» կարգախոսի ներքո Եվրամիությունը փորձում է եւս մեկ անգամ ներկայացնել համագործակցության ծրագրերն, որն ունի Հայաստանի հետ: Այդ համագործակցության ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել լուսանկարիչների մի խումբ, որը հայ գործընկերների եւ եվրոպացի համապատասխան մասնագետների հետ կարողացել են կազմակերպել մի շարք ցուցահանդեսներ, աշխատաժողովներ, ինչպես նաեւ վարպետության դասեր, որոնք մասամբ անդրադարձել են մեր գործունեությանը»,- ասաց դեսպանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստան էր հրավիրել լեհ վավերագրող լուսանկարիչ Մաչեկ Նաբրդիալիկին: 12 հայ լուսանկարիչ հնարավորություն էր ստացել մասնակցելու վերջինիս վարպետության դասերին: Լեհ լուսանկարչի հետ միասին իրենք ստեղծել են ֆոտոցուցահանդեսին ներկայացված լուսանկարները:
Կարդացեք նաև
Վարպետության դասերին մասնակցել էր նաեւ լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ վարպետության դասերին էր մասնակցել, քանի որ Եվրամիությունը լավ լուսանկարչի էր հրավիրել, որից սովորելու շատ բան կա. «Երկու օրվա ընթացքում պետք է վարպետության դասերը անցկացվեին: Մենք պետք է գնայինք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր, որտեղ Եվրամիությունը ծրագրեր էր իրականացրել: Այս վարպետության դասերի ընթացքում շատ բաներ սովորեցի, իմացածս սկսեցի կիրառել եւ ավելի հմտացա: Ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքներս շատ են տարբերվում մինչեւ այդ արած իմ լուսանկարներից, մինչեւ այդ ես այլ ժանրերով էի աշխատում: Սա այդ ժանրում իմ առաջին աշխատանքն էր ,որը ցուցադրության մասնակցեց»:
Ֆոտոցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մայիսի 18-24-ը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ