Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության լրատվական հանձնաժողովի նախագահ Հարություն Ծատրյանը, որը նաև Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց բոլոնյան կրթական համակարգի դրական ու բացասական կողմերի մասին:
Ընդգծելով, որ վերոնշյալ թեմային անդրադառնալու է զուտ որպես ուսանող, որն իր կրթությունը ստանում է բոլոնյան համակարգում, Հ. Ծատրյանն ասաց, որ սեփական մաշկի վրա կրթական նախկին համակարգի ազդեցությունը չի զգացել և չի կարող հստակ համեմատություններ անցկացնել հնի ու նորի միջև: Իսկ ինչ վերաբերում է նոր՝ բոլոնյան կրթական համակարգին, ապա այստեղ և´ դրականն է տեսնում, և´ բացասականը:
«Դրական է, օրինակ, այն, որ բուհ ընդունված ուսանողին հենց առաջին կուրսում տրվում է հիմնական և կամընտրական առարկաների ցանկը, և նա նախապես իմանում է՝ ինչ դասընթացներ է անցնելու, ինչ կրեդիտներ են տրվում և այլն: Այսինքն` ուսանողը կարողանում է նախապես պլանավորել իր կրթությունը»,- նշեց Հ. Ծատրյանը:
Ըստ բանախոսի՝ բոլոնյան համակարգի դրական կողմերից է նաև բուհերի և ուսանողների ներգրավումը բուհի կառավարման գործընթացում: Դրական է նաև այն, որ ամեն կիսամյակի սկզբում ուսանողներին հնարավորություն է տրվում գնահատելու նախորդ կիսամյակի իրենց դասախոսներին: «Ճիշտ է, շատ ուսանողների համար դա ձևական է, շատ հաճախ էլ այդ գործընթացը լավ չի կազմակերպվում (լինում է, օրինակ, դասի ժամանակ), բայց լրացրած հարցաթերթիկը կարող է փոփոխություններ մտցնել դասընթացներում: Թերթիկի վերջում կա նաև կարծիք գրելու հնարավորություն, որի հիման վրա որոշակի հարցեր ստանում են իրենց լուծումները»,- հավատացրեց Հ. Ծատրյանը:
Դառնալով համակարգի բացասական կողմերին՝ բանախոսն առաջին հերթին նշեց ուսանողների շարժունության թերի ապահովումը, մինչդեռ Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից մեկն ուսանողների շարժունությունն է. «Պատկերացնենք հետևյալը. եթե ես ԵՊՀ ուսանող եմ, ձեռք եմ բերում այնքան կրեդիտ, որն ինձ հնարավորություն է տալիս ավարտել իմ առաջին կամ երկրորդ ուստարին, ապա ես, ըստ Բոլոնյան հռչակագրի, կարող եմ տեղափոխվել բոլոնյան համակարգով ուսուցում իրականացնող մեկ այլ բուհ և այնտեղ շարունակել կրթությունս: Սակայն երբ երրորդ կուրսում ես ցանկանում էի գնալ արտերկիր սովորելու, հասկացա, որ, օրինակ, «Փիլիսոփայություն» առարկայից Հայաստանում իմ ստացած կրեդիտն ամենևին չի հաշվվում արտերկրում»,- ասաց Հ. Ծատրյանը և մեկ օրինակ էլ բերեց արդեն կրթության եռաստիճան համակարգի հետ կապված. «Սա ենթադրում է նաև, որ եթե ես ավարտեմ մագիստրատուրան, ապա կարող եմ ասպիրանտուրան շարունակել մեկ այլ բուհում: Դե եկեք պատկերացնենք, որ եվրոպական մի բուհ գնաս Հայաստանի մագիստրատուրայով: Առաջատար բուհերը հաստատ չեն ընդունի Հայաստանի մագիստրատուրան՝ որպես աստիճան՝ հետագա կրթությունդ շարունակելու համար: Իհարկե, գերմանական մի շարք բուհեր ընդունում են, սակայն դրանք ամենևին էլ այն առաջատար բուհերը չեն, որոնց մասին հաճախ խոսում ենք»,- ասաց ուսանողը:
Բացասական կողմերից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ դժվար է պատկերացնել կրեդիտային համակարգում սովորող մի ուսանողի, որը կարող է դուրս մնալ:
«Ըստ Կրթության և գիտության նախարարության որդեգրած քաղաքականության՝ ընդունվելը պետք է հեշտ լինի, ավարտելը՝ դժվար: Բայց կրեդիտային համակարգում սովորելը բոլորովին էլ դժվար չէ: Եթե զուտ մաթեմատիկական հաշվարկով դիտարկելու լինենք, ապա ի՞նչ է ստացվում. առաջին ընթացիկ քննությունը գնահատվում է 4 միավոր, երկրորդը՝ նույնպես, ամփոփիչ քննությունը՝ 10, ներկայությունը՝ 2 միավոր: Պատկերացրեք մի ուսանող, որը չի կարող նշված միավորներից յուրաքանչյուրից գոնե մի քիչ հավաքել և, արդյունքում, քննություններից ինչ-ինչ գնահատականներ «պոկել» ու փոխադրվել հաջորդ կուրս»,- ասաց Հ. Ծատրյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ