Լրահոս
Օրվա լրահոսը

$150 հազար՝ հայ ֆերմերներին միս կտրատել սովորեցնելու համար. վարկի քննարկում ԱԺ-ում

Մայիս 18,2015 17:28

ԱԺ-ում քննարկվում է հերթական վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը: Այս անգամ խոսքը ՀՀ-ի եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագրի մասին է:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մեր ունեցած շատ հարուստ փորձով կարող ենք գիրք գրել ապագա կառավարիչների համար՝ «ինչպես անարդյունավետ օգտագործել վարկերը» թեմայով :

Համաձայնագրում Ֆերմերների իրազեկման եւ աջակցության բաղադրիչ կա, որի նպատակն է ուսուցումների միջոցով զարգացնել ֆերմերների կարողությունը: Դրա հետ կապված Նաիրա Զոհրաբյանը գյուղատնտեսության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին հարցրեց. «Ֆերմերների կարողությունները զարգացնելու, նրանց համար ուսուցողական դասընթացներ անցկացնելու մասին դուք հանձնաժողովում փակագծերը շատ ավելի բացեցիք՝ ասենք, թե ինչպես սովորեցնել ճիշտ կտրատել միսը: Ահա այս ուսուցողական դասընթացների համար այս վարկից ինչքա՞ն գումար է նախատեսված»:

Փոխնախարարը պատասխանեց, որ մոտ 150 հազար ԱՄՆ դոլար է կազմում. «Ինչ վերաբերում է հատուկ օրինակներին, որոնք դուք մեջբերեցիք, այստեղ խոսքը չի գնում մսի կտրատման մասին, այլ՝ արտադրությունից մինչեւ սպառող ապրանքը հասցնելու համար շատ մասնագիտացված դասընթացներ են: Այստեղ խոսքը չի գնում ինչպես կտրատել, ինչպես կթել…Այդ բաղադրիչն իրականացվելու է դրամաշնորհի հաշվին»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ժամանակն է, որ ԱԺ-ն լուրջ քննարկում հրավիրի վարկային ծրագրերի խորհրդատվական գումարների հարցով: Տպավորություն է, որ այն պետությունները, որոնք վարկ են տալիս, շատ մեծ ծավալի խորհրդատվական գումարներ են գրում եւ հանրության մոտ տպավորություն է, որ այդ խորհրդատվությունը, ասենք, պլատինե ռամկաների մեջ են տեղադրված, դրա համար է դրանց ինքնարժեքը այսքան բարձր: Իրականում մենք հասկանում ենք, թե շատ դեպքերում ինչպիսի փոխակերպումների են ենթարկվում այդ խորհրդատվական գումարները, որտեղից են գալիս եւ ուր են գնում»:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց «անփառունակ օրինակները՝ ինչպես կթել կովը, ինչպես ցանել կարտոֆիլ» կամ Զիմբաբվեից հրավիրված խորհրդատուներին, որոնք պետք է սովորեցնեն հայ գյուղացուն ինչպես աճեցնել ծիրանը:

Փոխնախարարն ասաց, որ այդ բաղադրիչը փորձել են նվազագույնի հասցնել՝ հասկանալով, որ վարկային միջոցների հաշվին պետք չի իրականացնել մեծ տեխնիկական աջակցություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031