Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 52 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ այնքան բավարար գնահատելով կատարվող աշխատանքի արդյունքները, հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող քայլերը՝ աղբը միայն դրա համար սահմանված վայրերում թափելու մշակույթը լիարժեք ձևավորելու համար: Գործընթացի նկատմամբ վերահսկողության շրջանակում հանձնարարվել է խստացնել նաև աղբահանություն իրականացնող կազմակերպության աշխատանքների նկատմամբ հսկողությունը:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ 4 վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում 13 արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է օրենքով տրված լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 12 դեպքի մասով: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու խիստ հսկողություն սահմանել:
Երևանի քաղաքապետարան