Լրահոս
Օրվա լրահոսը

Միսակ Մարտիրոսյանի համար դատախազը միջնորդեց 14 տարի ազատազրկում

Մայիս 18,2015 17:12

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ 12 պաշտոնատար անձանց գործով մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող Հակոբ Մելքոնյանը: Նա հաստատված համարեց կազմակերպված խմբի կողմից 4 տարի անընդմեջ պետական բյուջեից հափշտակությունը: Ըստ նրա՝ անհամեմատ մեծ էին ծավալները եւ նյութական միջոցների ապօրինի դուրսգրումը, հափշտակությունը ազդել են բյուջեի վրա:

40 րոպե տեւած իր ճառով մեղադրողն ասաց, որ մեղադրանքը հիմնավորվել է 100-ից ավելի անձանց հարցաքննությամբ, տարատեսակ քննչական գործողությունների արձանագրություններով: Ողջ մեղադրական ճառը կառուցված էր ամբաստանյալներից միայն 3-ի՝ Միսակ Մարտիրոսյանի, Անգին Ղուկասյանի եւ Գեղամ Գրիգորյանի վերաբերյալ փաստական հանգամանքների մասին հիշատակումներից:

Երբ մեղադրողը նշեց ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքների մասին եւ արդեն պետք է պատժաչափերի մասին միջնորդություն աներ, այդ ժամանակ միջադեպ տեղի ունեցավ մեղադրողի եւ Միսակ Մարտիրոսյանի միջեւ: Միսակ Մարտիրոսյանն ասաց, որ թե Սահմանադրությամբ, եւ թե «Դատախազության մասին» օրենքով մեղադրողը իրավունք չունի իր լիազորություններից դուրս գալ, մասնավորապես՝ նշել պատժաչափը: Նա դիմեց դատավոր Արշակ Վարդանյանին, որպեսզի նա արգելի մեղադրողին, քանի որ դա կդիտվի միջամտություն արդարադատության բուն պրոցեսին: Արշակ Վարդանյանն ասաց, որ հայտարարությունը ամբաստանյալի յուրովի մեկնաբանության արդյունք է եւ դատախազին դիմեց, որպեսզի շարունակի միջնորդությունը:

Դատախազը միջնորդեց Միսակ Մարտիրոսյանի համար 14 տարի ժամանակով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ, նրա տեղակալ Արմեն Մովսիսյանի համար ասաց, որ նա օժանդակել է քննությանը, վերականգնել 90 մլն դրամ գումարը եւ միջնորդեց 4 տարի ժամկետով ազատազրկում:

Արցախյան պատերազմի մասնակից, պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի համար դատախազը պահանջեց 9 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ: Որոշակի պաշտոն զբաղեցնող Գագիկ Խաչատրյանին, քանի որ նա դարձյալ օժանդակել էր քննությանը, տվել խոստովանական ցուցմունքներ եւ վերականգնել 4 մլն 135 հազար դրամ գումարը, դատախազը միջնորդեց կիրառել համաներում:

Համաներման որոշումը կտարածվի նաեւ Եղիազար Սարգսյանի նկատմամբ, որը 1 մլն դրամից ավելի գումարը վերականգնել էր: Նարեկ Գասպարյանը, Սաթենիկ Հովհաննիսյանը, Արման Խալիկյանը, Մերուժան Կյուրեղյանը, ըստ դատախազի միջնորդության, 5 տարի 3 ամիս ժամկետով կդատապարտվեն: Արմեն Ավագյանի համար, որը վերականգնել էր 990 հազար դրամ եւ 30 «մեռած հոգիներ» էր ձեւակերպել, դատախազը միջնորդեց 6 տարի ժամկետով ազատազրկում:

Անգին Ղուկասյանի համար, որը ըստ դատախազի՝ օժանդակել էր քննությանը, զղջացել էր, «մերկացրել» էր հանցակիցներին, ուներ 2 անչափահաս երեխա, մեղադրողը պահանջեց 5 տարի ազատազրկում, պատիժը պայմանական չի կիրառվի 2 տարի:

Ի դեպ, նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին եւ դատախազը իր ճառում շեշտեց, որ Անգին Ղուկասյանը դատարանում առերես Միսակ Մարտիրոսյանի հետ կապված ասել էր, որ օժանդակել է կաշառք տալուն: 13-րդ ամբաստանյալի՝ Յուրա Մուշկուրյանի նկատմամբ, որին դատախազը միջնորդեց 5 տարի ազատազրկում, կկիրառվի դարձյալ համաներման մասին ԱԺ որոշումը:

Պաշտպանական ճառերով ամբաստանյալները հանդես կգան գալիք երկուշաբթի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031