Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանն առաջարկում է ավանդները միայն դրամով դարձնել. Մելքումյանն ընդդիմանում է՝ ռիսկային է

Մայիս 18,2015 16:27

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվեց Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախագծով առաջարկվում է անվճարունակ բանկում երաշխավորված ավանդի չափը մեծացնել:

Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 10 մլն դրամ սահմանել, միայն արտարժութային բանկային ավանդի դեպքում՝ 5 մլն դրամ: Իսկ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 10 մլն դրամով: Օրինագիծը խրախուսում է նաեւ դրամային խնայողությունները:

Հիմնական զեկուցող եւ օրենքի համահեղինակ Միքայել Մելքումյանն ասաց, որ բանկային ավանդների տոկոսադրույքները ցածր չեն, միջազգային փորձում բավականին ցածր են: Պատճառն այն է, որ գումարները ներդնելու այլընտրանքը մեծ է, իսկ Հայաստանում չկա այլընտրանք:

Նա նշեց, որ Հայաստանում մոտ 70 տոկոսն ավանդների դոլարային են, 28-29 տոկոսը՝ դրամական. «Դրամային ավանդների ռիսկերը բարձր են, տոկոսադրույքն էլ է բարձր»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ կողմ է նախագծին, բայց դեմ է, երբ Գագիկ Մինասյանը պնդում է, թե սա շատ էական փոփոխություն է: Ըստ Բագրատյանի, սա շատ կիսատ է եւ շուտով զգացնել կտա իր բացասական կողմը. «Սա պետք է անել ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Չի կարելի տարբեր ավանդների մեջ տարբերություն դնել: Այն, ինչ հիմա արվում է, ճիշտ է եւ պարտավոր ենք անել: Եթե նայեք ազգային հաշիվների համակարգը, կտեսնեք, որ երկրից դուրս եկող փողն անցնում է տարեկան 600-650 մլն դոլարը: Դուք ստիպում եք, որ իրավաբանական անձը կտրտի հաշիվները: Բանկային ավանդների մեջ ռեսուրսի մոտ 75 տոկոսը տալիս է ժողովուրդը, 30 տոկոսը՝ ընկերություններն են: Բայց երբ վարկ ենք տալիս՝ 70 տոկոսը խոշորին ենք տալիս, 25 տոկոսը՝ ժողովրդին, այսպես չի կարող շարունակվել: Բանկային համակարգը կենտրոնացնում է տնտեսությունն օրեցօր, սոցիալական լարվածությունն ուժեղացնում»:

Նա առաջարկեց օրենք ընդունել, որ բոլոր վարկերն ու բոլոր ավանդները միայն դրամով լինեն:

Միքայել Մելքումյանը, պատասխանելով Հրանտ Բագրատյանի ելույթում նշված հարցերին, ասաց, որ ձեռնտու չէ ավանդները մասնատել, որովհետեւ տոկոսը ցածր է լինում:. «Ավանդատուն պետք է ընտրություն անի՝ երաշխավորված ցածր տոկոսներո՞վ, թե՞ չերաշխավորված բարձր տոկոսներով»: Ինչ վերաբերում է առաջարկին, որ միայն դրամով լինեն ավանդներն ու վարկերը՝ Միքայել Մելքումյանը դեմ էր. «Դա բավականին ռիսկային է: Մենք այսօր պատրաստ չենք դրան: Այն, որ 21 բանկը խոշորացնում ենք, դա լավ օրից չէ»:

Միքայել Մելքումյանը նաեւ զարմացած էր, թե ինչպե՞ս են որոշ բանկեր հայտարարում, թե 17 տոկոսով դրամային ավանդներ են վերցնում. «Տենց շահութաբերություն կա՞, ո՞նց եք վարկ տալու դուք: Էդ ո՞ւմ եք տալու: Սա լուրջ մտահոգություն է առաջացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031