ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ընդունել է Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի պատվիրակությունների ներկայացուցիչներին, ովքեր ժամանել են տարածաշրջանում բնական աղետների նվազեցում թեմայով Հայաստանի հետ փորձի փոխանակման և ուսումնասիրության նպատակով:
Ողջունելով հյուրերին պարոն Ղուլարյանը նշել է, որ թեման շատ արդիական է, հատկապես` հրատապ է երկրաշարժի ժամանակ՝ դպրոցների անվտանգության հարցը. Նրա ներկայացմամբ՝ այսօր ՀՀ կառավարությունը համագործակցելով տեղական և միջազգային կազմակերպությունների հետ մշակել է տարբեր ծրագրեր, որոնք միտված են մոտ ապագայում բարելավելու դպրոցների սեյսմիկ անվտանգությունը: Ընդ որում, ծրագրերն ուղղված են ոչ միայն դպրոցների վերակառուցմանն ու ամրացմանը, այլև՝ նոր դպրոցների կառուցմանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը ներկայացրել է Հայաստանում մինչև 1988 թ. Սպիտակի երկրաշարժը և դրանից հետո կառուցված շենքերի սեյսմակայունության ապահովման չափանիշները, նշելով, որ երկրաշարժի հետևանքների վերացմանը զուգահեռ Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկել շենքերի սեյսմակայուն շինարարության իրականացման գործում: Ըստ՝ Զ. Խլղաթյանի՝ Հայաստանում բոլոր շենքերը կառուցվում են նորացված շինարարական նորմերի համաձայն:
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանի Հանրապետություն-Ասիական զարգացման բանկ՝ 2014-2018 թթ. համագործակցության ռազմավարության ծրագիրը: Ծրագրի նպատակներից մեկը քաղաքային կայուն զարգացումն է, որը նախատեսում է կայուն և բարենպաստ քաղաքային միջավայրի ձևավորում: Բանկի կողմից ընդունված փաստաթուղթը կոչվում է Աղետների ինտեգրված կառավարման գործառնական պլան, որի նպատակն է տնտեսության կայուն զարգացում ապահովելը, դպրոցները սեյսմակայուն դարձնելը: Բանկի ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքների մեջ ներառված է դպրոցների էներգաարդյունավետության բարձրացման և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումը:
Կարդացեք նաև
Ղրղզստանի պատվիրակության անդամը ներկայացրել է իրենց երկրում դպրոցական շենքերի ամրացմանն ու սեյսմակայությությանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը:
Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են ստեղծում հետագա կապերի ամրապնդման և արդյունավետ համագործակցության համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ