Լրահոս
Օրվա լրահոսը

Ջենտլմենությունն՝ ԱԺ-ում. Բագրատյանը 1 րոպեով կառավարություն ձեւավորելու թույլտվություն է ուզում

Մայիս 18,2015 14:54

«Էդ ի՞նչ ասելու բան եք ասում»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ այսպես զարմացավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ արձագանքելով ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի առաջարկին:

Հիշեցնենք, որ Սամվել Ֆարմանյանը խնդրել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ համաձայնության գալ եւ խնդրել, որ մի քիչ էլ իրենց հնարավորություն տան կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցեր ուղղել: Ըստ Կանոնակարգ օրենքի, առաջնահերթությունը տրվում է ընդդիմադիրներին, եւ Ֆարմանյանն առաջարկում էր, որ ոչ թե ընդդիմության հնարավորությունները նվազեցնեն, այլ նրանց հետ ջենտլմենական համաձայնության գան:

Հրանտ Բագրատյանը դժգոհեց՝ ասելով, որ ՀՀԿ-ն ընդհանրապես կարող էր նման հնարավորությունից զրկված լինել այն պարզ պատճառաբանությամբ, որ կառավարություն ձեւավորողն իրենք են հենց. «Կանչեք ձեր մինիստրին, ձեր հարցերը տվեք: Վերցրել եք 70 տոկոս, որը չտեսնված բան է: Նորմալ պետություններում թույլ չեն տալիս ձայների 50-55 տոկոսից ավելին մեկն ունենա: Եթե գնաք պտտվեք աշխարհով, պառլամենտական կառավարման համակարգ եք, չէ,՞ ուզում, կտեսնեք, որ բոլոր հանձնաժողովները պետք է համանախագահությամբ լինի: Կտեսնեք, որ բոլոր օրգանական օրենքները, անկախ նրանից՝ ընդդիմությունը 5 տոկոս է, թե 15 տոկոս, ընդդիմությունը վետո դնելու իրավունք ունի: Այնպես որ, դուք ի՞նչ պրոբլեմ ունեք, ֆրակցիայի նիստ արեք, ձեր մինիստրին հրավիրեք: Իբր թե մեզ առավելություն եք տվել, հիմա էլ ասում եք, թե լավ առավելություն չենք տվել, հավասարությունը խախտվել է: Դե որ հավասարություն եք ուզում, թույլ տվեք 1 րոպե մենք կառավարություն ձեւավորենք, տեսեք ինչ կառավարություն ենք ձեւավորում»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ծիծաղեց. «Կառավարություն ձեւավորելն ընտրողների իրավունքն է՝ ընտրողների տված ձայներով»:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ Բագրատյանի 50-55 տոկոսի մեջ իրենք տեղավորվում են՝ 70 տոկոս չունեն, այլ՝ 54 տոկոս:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դեմ չէր, որ ջենտլմենական համաձայնության գան, բայց զգուշացրեց՝ ջենտլմենությունը երկկողմանի է, կարելի է քննարկել նաեւ Դոնթի բանաձեւը, որի հիման վրա հաշվարկվում են միջխորհրդարանական պատվիրակություններում երկրների անդամների ներկայացվածությունը:

Հերմինե Նաղդալյանն ընդդիմացավ. «Դոնթի բանաձեւը կանոնակարգի պահանջ է, ջենտլմենությունը՝ բարեկրթության պահանջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031