Եկող տարի Հայաստանը կհյուրընկալի ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի CIBJO-ի ամենամյա կոնգրեսը: Այս մասին այսօր Արմենպրես» ակումբում հայտարարեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան: Նրա ներկայացմամբ՝ կոնգրեսին մոտ 1000 մասնակիցներ կլինեն, կոնգրեսի շրջանակներում նախատեսվում է ոսկերչական ցուցահանդես-վաճառք, կլինեն «մաստեր-կլասներ», նաեւ կարճատեւ դասընթացներ կոնգրեսի տարբեր մասնակիցների համար: Այս դասընթացներին կարող են մասնակցել ոլորտի ներկայացուցիչները՝ սկսնակ ոսկերիչներ, ոսկերչական ընկերությունների տնօրեններ, դիզայներներ եւ այլն:
Տիկին Մանուկովան ասաց, որ մինչեւ այս տարվա վերջ ամենաքիչը 10 օտարերկրյա ընկերություններ կարող են ազատ տնտեսական գոտում (ԱՏԳ) ներդրումներ կատարել եւ աշխատել ոսկերչության,ադամանդագործության եւ ժամագործության ոլորտում: Ազատ տնտեսական գոտում աշխատելու ցանկություն հայտնած ընկերությունների փաթեթն արդեն ներկայացված է կառավարություն, որը պետք է թույլտվություն տա գործունեություն ծավալելու համար: Թե ո՞ր ընկերություններ են, կան՞ հայտնի բրենդներ այդ փաթեթում ներառված ընկերությունների ցանկում, Նիկա Մանուկովան խուսափեց ասել: Ընկերությունների անունները կհրապարակվեն, երբ կառավարությունը թույլտվությունը տա:
Մանուկովայի խոսքերով՝ ակնկալվում է այս ծրագրի շնորհիվ 300-500 նոր աշխատատեղեր բացվեն: Բոլոր այդ ընկերությունները օտարերկրյա են, իսկ եթե հայկական ընկերությունը եւս ցանկանում է ազատ տնտեսական գոտում աշխատել, ապա ինչպես ասաց Մանուկովան՝չի նշանակում, որ իր գործող բիզնեսը պիտի փակի, ու տեղափոխվի ազատ տնտեսական գոտի, նա պիտի նոր ներդրումներ կատարի ազատ տնտեսական գոտում բացվող ընկերությունում, արտահանման շուկաներ ունենա, եւ որոշ չափանիշներին համապատասխանելու դեպքում, դիմի կառավարություն՝ թույլտվություն ստանալու համար: Ընդ որում, աշխատատեղերի եւ ներդրումների որեւէ շեմ չկա:
Հիշեցնենք, որ ազատ տնտեսական գոտում գործող ընկերություններն ազատված են որոշ հարկատեսակներից, այստեղ արտադրված բոլոր ապրանքները, եթե նույնիսկ միջազգային հայտնի բրենդ լինի, արտահանվում են՝ «made in Armenia» պարտադիր պիտակով:
Ասուլիսին ներկա «Ոսկերչական տուն Հռիփսիմե» ընկերության հիմնադիր Հռիփսիմե Մելիքյանը եւս ցանկություն հայտնել ազատ տնտեսական գոտում ներդրումներ իրականացնելու համար: Առայժմ սպասում են կառավարության հավանությանը: Տիկին Մելիքյանն ասաց, քանի որ ԱՏԳ-ում աշխատելու դեպքում հարկերից ազատվում են, ուստի ձեռնտու է այստեղ բիզնես անելն ու սեփական բրենդը զարգացնելը: Տիկին Մելիքյանն ասաց, որ ոսկերչական իրերի շուկան հիմնականում բարեկեցիկ երկրներ պետք է լինեն, հիմնական շուկան Ռուսաստանն է, Ղազախստանը, Մերձավոր Արեւելքը,ԱՄՆ-ը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ