Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցները ծիծաղել են անգետ այցելուների վրա

Մայիս 18,2015 14:42

Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանի աշխատակազմի հաշվարկներով, նախօրեին՝ թանգարանային գիշերը, 7244 այցելու են ունեցել:

Տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքով, մշակույթի նախարարության հրահանգով, թանգարանային գիշերը բոլոր թանգարանները պետք է մինչեւ 18:00-ն աշխատեին վճարովի, հետո անվճար ռեժիմով, բայց իրենք միակ թանգարանն էին, որ շեղվեցին հրահանգից: Նրա պատմելով, ողջ օրն աշխատել են արտակարգ ռեժիմով, ուրախացել հատկապես երիտասարդների այցերից, այդ օրը ունեցել են նաեւ զվարճալի պահեր:

«Տարբեր մակարդակի այցելուներ են այդ օրը  գալիս, որոնք այնքան տարբեր հարցեր են տալիս, որոնք խոսում են այցելուների անտեղյակության մասին, նույնիսկ ծիծաղ է առաջացնում, ստանդարտներից դուրս հարցեր: Օրինակ՝ երկու տիկին իրար մեջ խոսում են, մեկը հետաքրքրվում է թանգարանային նմուշներով, մյուսը իբր ավելի գիտակ է ու նրան բացատրում է: Մի քանդակ ունենք, կանադահայ քանդակագործ Մկրտիչ Թառակչյանն է նվիրել՝ Չարենցի բրոնզե քանդակն է, այդ գիտակ տիկինը կարդում է քանդակագործի անունը Թառակչյան, ու մյուս հետաքրքրասեր ընկերուհուն կանչում՝ արի, արի, փաստորեն Չարենցի ազգանունը եղել է Մկրտիչ Թառակչյան, հետո է դարձել Չարենց»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում պատմեց թանգարանի տնօրենը:

Նա ասաց նաեւ, որ թանգարանները այցելու գրավելու խնդիր ունեն, հետեւաբար պետք է մշտապես թարմ ու հետաքրքիր ծրագրեր մշակեն ու այցելուին կարողանան գրավել:

«Թանգարանը գտնվում է բնակելի շենքի հատվածում եւ մեր մշտական խնդիրն այն է, որ կամ մենք ենք բնակիչներին խանգարում, կամ նրանք՝ մեզ, միշտ տգեղ պատմություններ են լինում: Մյուս խնդիրն էլ հաշմանդամ մարդկանց անհասանելի լինելն է: Այսօր մեր թանգարաններից եւ ոչ մեկը, առավել եւս Չարենցի տուն-թանգարանը, շատ անհարմար է հաշմանդամ այցելուների համար, չենք կարողանում նրանց մատուցել, ներկայացնել թանգարանային նմուշները»,- իրենց խնդիրները թվարկեց տիկին Հակոբյանը: Հետո դժգոհեց, որ ավագ դպրոցների աշակերտների այց ու  հետաքրքրություն չկա թանգարանների նկատմամբ, իսկ թանգարան աշխատելու դիմող երիտասարդ կադրերն էլ ահավոր անտեղյակ են գրականությունից. «Տարրական գիտելիքներ չունեն՝ Չարենցը ով է, ինչ է, ինչու են ասում Չարենց, հանճար, ինչ է գրել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031