Այսօր ԱԺ նիստում, երբ խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց քառօրյա նիստերի օրակարգը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոքեց նրա գործելակերպից:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը անջատել էր տալիս բոլոր պատգամավորների խոսափողները, որոնք վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք էին խնդրում եւ հորդորում քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, որն ամենաշատն է հետաքրքրում այսօր հանրությանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք օրակարգն եք ներկայացում, պատգամավորներն ասում են, թե ինչ է պատկերացնում օրակարգում, դուք բռնում եք եւ աջուձախ անջատում եք խոսափողը: Բա ինչի՞ համար ենք մենք այս քննարկումներն անում: Միանգամից հանեք խոսափողները, եթե դա է ձեր մտայնությունը:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ քառօրյա նիստերը սկսեն օրակարգում արդեն ընդգրկված «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկումից, որպեսզի կառավարության ներկայացուցիչը գա եւ պատգամավորները կարողանան հարցեր ուղղել նրան՝ հասկանալու համար այն խայտառակ վիճակը, որ հաստատված է ՀՀ էներգետիկ համակարգում, որը նաեւ սոցիալական եւ անվտանգության խնդիր է. «Այսօր մարդիկ փողոցներում մեզ կանգնացնում են եւ հարցնում են՝ էդ ո՞նց է, որ էներգետիկ համակարգում բարձրաստիճան պաշտոնյաները մեծահարուստներ են, իսկ էներգետիկ համակարգը սնանկանում է: Եթե համակարգը սնանկանում է, այդ մարդիկ ինչի՞ չեն սնանկանում, էդ ո՞նց են մեծահարուստ դառնում: Այստեղից եզրակացությունը բխում է՝ այդ փողը մտել է մարդկանց գրպանները, հիմա էլ ուզում են այդ փողը ժողովրդից վերադարձնել»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանն ասաց, որ Կանոնակարգ օրենքին պետք է հետեւեն եւ վստահեցրեց, որ ոչ թե միկրոֆոններն են խանգարում, այլ՝ հեռուստաեթերը, որովհետեւ պատգամավորները սկսում են կուրծք ծեծել, թե ժողովրդի մասին են մտածում:
Նա ասաց, որ պատգամավորները պետք է համբերեն, մինչեւ ՀԾԿՀ-ն հայտն ուսումնասիրի, պատրաստ լինի, գա ԱԺ. «Հետո կարող եք գոռգոռալ, եթերում հանդես գալ, վա՞տ բան եմ առաջարկում: Ենթադրենք, մտավ օրակարգ եւ քննարկեցինք: Ոչ թվերին ենք տիրապետում, որ ասում եք թալանել տարել են՝ ոչ թալանին ենք տիրապետում: Ինչ անում ենք, փորձենք ժողովրդին ներկայացնենք: Իսկ խոսափողն անջատում եմ՝ Կանոնակարգ օրենքի համապատասխան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ