Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրը երեխային դրդել է մարմնավաճառության. ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի բացահայտումները

Մայիս 18,2015 14:32

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն մայիսի 12-18-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում՝ գնահատելու երկրում երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի իրավիճակը: Լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ, բարեբախտաբար, պոռնոգրաֆիայի մասով դիտարկումներ չի ներկայացնելու: Մոդ դե Բյոր-Բուքիքիոն հանդիպել է ՀՀ իշխանության ներկայացուցիչների, մարզային կառույցների, հ/կ-ների ներկայացուցիչների ու հենց երեխաների հետ:

Նա նշեց. «Իմ բոլոր զրուցակիցներն անընդհատ ինձ ասում էին, որ հայ հասարակությունում երեխաներին խորապես սիրում ու պաշտպանում են, հատուկ վերաբերմունք կա նրանց նկատմամբ: Ինձ նաև ասվեց, որ հայ հասարակությունը պատմական տառապանքի բերումով երեխաների հանդեպ կոլեկտիվ պաշտպանության կուռք է ձևավորել: Ես փորձեցի հնարավորինս շատ տվյալներ հավաքել երեխաների շահագործման վերաբերյալ տարբեր մարմիններից և ինձ տրված ինֆորմացիայում արտացոլվեց այն, որ երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերող գործերի քանակը ծայրաստիճան ցածր է՝ համեմատած այլ երկրների հետ: Միևնույն ժամանակ բոլոր իմ զրուցակիցները ընդունեցին, որ կան բացթողումներ»:

Դառնալով խնդիրներին՝ ՄԱԿ հատուկ զեկուցողը նշեց, որ խնդիր է անչափահասների ամուսնության հարցը. այն արձանագրվել է ոչ միայն եզդի համայնքում, այլև տարբեր գյուղական համայնքներում. «Ես տեղյակ եմ, որ օրենսդրորեն ամուսնական տարիքը Հայաստանում 18-ն է, բայց սա չի խանգարում որոշ դեպքերում վաղ ամուսնություններին, ինչը խոչընդոտում է նաև երեխաների կրթության իրավունքի իրացմանը: Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում ՀՀ կառավարությանը բարձրացնել իրազեկվածության մակարդակը գյուղական համայնքներում»:

Որդեգրման գործընթացը ևս մտահոգության առարկա է. «Դա կարող է օգտագործվել երեխայի վաճառքի համար: Այստեղ ևս, անչափ կարևոր է պետության վերահսկողության խնդիրը: Երեխայի լավագույն շահերը պետք է գերակայեն պոտենցիալ որդեգրող ծնողների մոտ»:

Թեև վերջին տարիների ընթացքում Հայաստանը արձանագրել է ինտերնետի տարածման առումով բավականին առաջընթաց՝ 80 տոկոս, սակայն դրան զուգահեռ՝ ՏՏ ոլորտում երեխաների իրավունքների ոտնահարման խնդիրն է դարձել մտահոգիչ:

Տիկին Բուքիքիոյի համար մտահոգիչ է նաև ՀՀ-ում սոցիալ-տնտեսական իրավիճակը. «Վերջին տարիներին սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում հանգեցրել է աղքատության աճի ավելացման, և ես տեսա, օրինակ, որ գիշերօթիկ հաստատություններում երեխաները հայտնվել են, քանի որ ոչ թե ծնողազուրկ են, այլ քանի որ ծնողները նրանց խնամելու միջոց չունեն»:

Հարցին՝ մտահոգիչ չէ,՞արդյոք, մուրացկանությամբ զբաղվող երեխաների հարցը: ՄԱԿ զեկուցողը պատասխանեց. «Երիտասարդ մուրացկանների խնդիրն ինձ մտահոգում է: 2005-2008-ի համեմատ՝ փողոցում հայտնված երեխաների թիվը նվազել է կանխարգելիչ աշխատանքների շնորհիվ: Բայց դեռ կան երեխաներ, որ շարունակում են մուրացկանությամբ զբաղվել, սակայն դա անպայման չի նշանակում, որ թրաֆիքինգի զոհ են, պարզապես հենց ծնողներն են նրանց մղում փողոց մուրալու, որ ընտանիքը յոլա գնա»:

Զեկուցողը նաև առաջարկեց ստեղծել «թեժ գիծ»՝ անուշադրության մատնված երեխաների խնդիրների համար:

Մտահոգության առարկա է նաև երեխաների՝ մարմնավաճառության դրդելը: Տիկին Բուքիքիոն պատմեց, որ Գյումրիում են իրեն պատմել, թե ինչպես երիտասարդ մայրը երեխային դրդել է մարմնավաճառության:

Նշենք, որ Մոդ դե Բյոր-Բուքիքիոյի զեկույցը կհրապարակվի մյուս տարի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031