Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում է հայտնի բժիշկ եւ ծաղրածու Պետչ Ադամսը

Մայիս 18,2015 14:17

Մայիսի 18-ին Հայաստան է ժամանել բժիշկ եւ ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր Հանթեր Դոհերթի Ադամսը (Hunter Doherty Adams), ով աշխարհում հայտնի է Պետչ Ադամս (Patch Adams) անունով: Նրա Հայաստան այցելության գաղափարը քննարկվել է գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի  համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ, այցը կազմակերպվում է  IDeA հիմնադրամի եւ «Go2Armenia» ընկերության  կողմից՝  համագործակցելով համապատասխան պետական կառույցների, առողջապահական եւ սոցիալական տարբեր հաստատությունների հետ:

Պետչ Ադամսը մասնագիտությամբ բժիշկ է, սոցիալական ոլորտի նորարար, միաժամանակ համարվում է ծիծաղի հոգեթերապիայի եւ կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում:

Նրա բարեգործական, նորարարական ծրագրերի, բժշկող ծաղրածուական ներկայացումների մասին գիտեն ողջ աշխարհում: Հենց նրա կերպարն է մարմնավորել օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը 1998թ. նկարահանված «Պետչ Ադամսը»  (հայ հանդիսատեսին ֆիլմը հայտնի է ռուսերեն անվանումով՝ «Целитель Адамс») ֆիլմում:

1970-ականների սկզբին Ադամսը ԱՄՆ-ում հիմնել է Gesundheit institute-ը (Բարի առողջության ինստիտուտ), որը գործում է որպես բժշկական- էկոլոգիական հաստատություն եւ որտեղ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով Ադամսը տարեկան մոտ ինը այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ: Նրանք ծաղրածուական հագուստներով ներկայացումներ են կազմակերպում  հիվանդանոցներում եւ մանկատներում, ծերանոցներում ու ինտերնատներում: Փոքրիկները նրա ներկայացում-սեանսների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ եւ ագրեսիվ թերապիաների ազդեցությունը: Պետչ Ադամսի ձեռնարկումներն ու գաղափարները վարակիչ են, նրա փորձը հայտնի է ողջ աշխարհում, շատ վայրերում այն հաջողությամբ կիրառվում է:

Նա համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաեւ ֆիզիկապես է օգնում: «Քաղցկեղի դեպքում, օրինակ, ապացուցված է, որ ծիծաղն օգնում է «զինվոր-բջիջների»  թվի ավելացմանը, որոնք ոչնչացնում են  քաղցկեղի  բջիջները: Ծիծաղն ամրապնդում է  իմունային համակարգը,  նպաստում է օրգանիզմում էնդորֆինի արտադրությանը: Մի խոսքով, այս ամենը շատ դրական բիոքիմիա է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է նա:

Հայաստանում  մեկշաբաթյա այցի  ընթացքում  Պետչ Ադամսը հիվանդանոցային ծաղրածուների իր խմբով (նրան  կուղեկցեն նաեւ ռուսաստանյան  «Дети Марии»  գեղարվեստական կենտրոնի ծաղրածուները) Երեւանում, Գյումրիում,Վանաձորում եւ Դիլիջանում կայցելի մանկատներ եւ մանկական հիվանդանոցներ, հանդես կգա յուրօրինակ ծրագրով:

Բացի այդ, դասախոսություններ կկարդա Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրայինկապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031