Այսօր՝ մայիսի 18-ին «Հայելի» ակումբում հոգեբան Սամվել Խուդոյանը, քանդակագործներ Ֆերդինանտ Առաքելյանն ու Լեւոն Թոքմաջյանը անդրադարձան քաղաքաշինության նախարարության աղմկահարույց նախագծին, ըստ որի Երեւանի բուհերը պետք է տեղափոխել Գյումրի եւ այդ կառույցներն այլ նպատակներով օգտագործել:
Սամվել Խուդոյանը զարմացած էր: « Բուհը կահույք չէ, որ էստեղից էնտեղ տեղափոխես, այն ունի իր համակարգը, դասախոսական անձնակազմը, պատկերացնո՞ւմ եք՝ Մոսկվայի համալսարանը տեղափոխել Լենինգրադ, կամ Բոստոնի համալսարանը՝ Նյու Յորք: Նման բան ոչ մի երկրում չի եղել, դա աբսուրդի հասնող գաղափար է»,-համոզված է հոգեբանը:
Նրա ասելով, եթե նման ծրագիր իրականացվի, հնարավոր է շահեն միայն մասնավոր բուհերը, լավագույն որովհետեւ լավագույն դասախոսները չեն գնա մարզեր ու բարձր աշխատավարձով մասնավոր բուհերում կընդգրկվեն:
«Ուսանողական քաղաքները երկար տարիների պատմություն ունեն…Եվ տարածքային հարցեր լուծելը չպետք է լինի բուհական համակարգը քանդելու հաշվին»,-վստահ է Սամվել Խուդոյանը:
Կարդացեք նաև
Լեւոն Թոքմաջյանը լավ ծանոթ չէր խնդրին, բայց նույնպես տարակուսանք հայտնեց. «էստեղից Գյումրի երկու ժամ է, ո՞նց են մարդիկ գնալու դասի տան գան»:
Ֆերդինանտ Առաքելյանն էլ նախագիծը իրատեսական չի համարում. « Եթե գործարան չի աշխատում մարզերում, բուհ ինչպե՞ս է աշխատելու…Ախր քաղաքաշինությունը դա քաղաքակրթություն է, քաղաքաշինության մեջ նստած է միջավայրը՝ սոցիոլոգիայից մինչեւ մշակույթ»:
Ֆերդինանտ Առաքելյանը զայրանում է. «Պարզվում է էս ազգին պետք է միայն ռեստորան, սուպերմարկետ եւ զուգարան: Բա մնացածը…Կրկնում եմ՝ սա հարց լուծելու ամենաողորմելի ձեւն է, եթե կարող են, թող մարզերում ու քաղաքներում եղած բուհերի մասնաճյուղերը զարգացնեն»:
Նա այս առիթով նաեւ անեկդոտ հիշեց. «Դե թող համալսարանը «պաչեւնիկների» վրա դնեն, քշեն տանեն Գյումրի…Մի անեկդոտ կա. մեկը մոտենում ա լաստը քշող նավաստուն, ասում է՝ ինձ էն ափը չե՞ս տանի: Նավաստին ասում է՝ փողը տուր, տանեմ: Սա ասում է փող չունեմ: Նավաստին էլ պատասխանում է՝ այ ախմախ, եթե փող չունես, ի՞նչ տարբերություն՝ էս ափին, թե՞ էն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ