Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ մթնոլորտ՝ ԱԺ-ում. ՀՀԿ-ականները պահում են Սուրիկ Խաչատրյանի «թասիբը»՝ ընդդեմ Փոստանջյանի

Մայիս 18,2015 13:41

«Վիճակը կատաստրոֆիկ է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտի մասին:

Նա ասաց, որ ՀԷՑ-ը, «Նաիրիտը», «ՀայՌուսգազարդը» մոտ 1 մլրդ դոլարի պարտք ունեն, երբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ դոլար է. «Ուզում եմ փնովել: Երբ մենք ասում ենք, որ երաշխիք են տալիս պետության անունից, եկեք այդ երաշխիքներն էլ պառլամենտում հաստատենք, որովհետեւ դրանք պարտք են: Կառավարությունը հայտնվել է դժվար իրավիճակում, որովհետեւ խնդիրը պիտի լուծվի: Մենք կարիք չունենք Ռոբերտ Նազարյանին բերել այստեղ, նույնիսկ լսել նրան: Նա ոչինչ չի կարողանում ասել»:

Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ Ռոբերտ Նազարյանը հարց լուծող չէ եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը տնտեսության անկում է բերելու 10-15 տոկոս:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ պահանջեց, որ հարցը քննարկվի ԱԺ լիագումար նիստում. «ՀԷՑ-ի գողության պատճառով կուտակված պարտքը փորձում են ժողովրդի ուսերին դնել: Եվ մենք պետք է ԱԺ նիստում քննարկենք դա»: Նա փորձեց տեղեկացնել, որ ձեւաթուղթ են վերցրել՝ 44 ստորագրություն հավաքելու եւ արտահերթ նիստ հրավիրելու համար, սակայն Գալուստ Սահակյանը անջատել տվեց նրա խոսափողը՝ հորդորելով խոսել միայն օրակարգի մասին:

Չանսալով Գալուստ Սահակյանի հորդորին՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս մեկ անգամ պատասխան պահանջեց ԱԺ նախագահից, թե ինչու Սուրիկ Խաչատրյանի գործունեության մասին ԱԺ հայտարարության իր նախագիծը չի դնում շրջանառության մեջ:

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը թեժացրեց դահլիճում մթնոլորտը: Գալուստ Սահակյանն անջատել տվեց նաեւ Փոստանջյանի խոսափողը, տեղից սկսեց բղավել գեներալ Սեյրան Սարոյանը: Հետո Զարուհի Փոստանջյանին սկսեց քննադատել ՀՀԿ սյունեցի պատգամավոր Հայկ Գրիգորյանը՝ «Իմ գործընկերն իրեն դրել է ամենայն հայոց դատավորի տեղը եւ անվայել արտահայտություններ է անում մարզպետի հասցեին»:

Գալուստ Սահակյանն անջատել տվեց նաեւ նրա խոսափողը: Բայց կրքերը չէին հանգստանում: Իսկ դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ եւ վեճ եղավ, երբ անջատվեց նաեւ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսափողը:

Ի վերջո, ՕԵԿ-ը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ դահլիճում իրավիճակը վերահսկելի դարձնելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031