Ու քանի որ համաձայնության չեն եկել` Զարուհի Փոստանջյանը
հայտարարության նոր նախագիծ կդնի շրջանառության մեջ
Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի փաստաբաններն օրերս հրապարակել են փորձաքննության արդյունքները: Դրանց հիման վրա փաստաբանները եկել են նախնական եզրակացության. «Նախնական հանգամանքները հուշում են, որ այդ գործողությունները կատարվել են Վալերի Պերմյակովի կողմից»: Ավետիսյանների փաստաբաններից Լուսինե Սահակյանն էլ առաջարկել էր. «Ավետիսյանների գործով բազմակողմանի քննությունը անհնար էր այն պահից հետո, երբ Պերմյակովը հայտնվեց ռուսական կողմում»: Ըստ փաստաբանի` ապացույցների մի մասը հայկական կողմում է, մյուսը՝ ռուսական, հետեւաբար երկու կողմում էլ գործի քննությունը թերի կլինի. «Իրենց մոտ են գտնվում այն հնարավոր հագուստները, որոնք եղել են նրա հագին, որոնք պետք է տուժողներին ներկայացվեն ճանաչման, եւ պետք է հասկանանք, թե արդյոք դրանք այն հագուստնե՞րն են, որոնք այդ բնակարանից են տարվել: Հավանաբար այն կողմում են գտնվում, մենք այդ գործում չենք ներգրավված, հեռախոսները, որոնք տարվել են Ավետիսյանների բնակարանից, որոնք եւս ապացույցներ են»: Փաստաբանն այս գործով վարույթների միացումն անհրաժեշտություն է համարում:
Երեկ այս թեման շրջանառվեց նաեւ խորհրդարանում: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց նիստի օրակարգում հարց ընդգրկել եւ քննարկել հանրային հետաքրքրություն ներկայացնող այս հարցում խորհրդարանի եւ խորհրդարանականների հետագա անելիքները: Մասնավորաբար, թե դատաքննության ապագան ինչպիսի՞ն պետք է լինի, հայկական կողմի հրապարակած փորձաքննության արդյունքները ՌԴ դատարանի համար հիմք պե՞տք է հանդիսանան, թե՞ ոչ: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկեց, որ հանձնաժողովն աշխատանքային քննարկում անցկացնի այս հարցով, որպեսզի «ձեւական բան չստացվի», այլ իրականում կարողանան քննարկել բոլոր տարբերակները եւ լուծումներ առաջարկել:
Հովհաննես Սահակյանի հետ համակարծիք էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Առավոտին» հայտնի դարձավ, որ փակ աշխատանքային քննարկմանն ընդամենը չորս պատգամավոր են մասնակցել` Զարուհի Փոստանջյան, Գագիկ Ջհանգիրյան, Հովհաննես Սահակյան եւ Էդմոն Մարուքյան: Քննարկման արդյունքում, ինչպես ավելի ուշ մեզ հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը, որոշում չի կայացվել. «Ուղղակի խոսեցինք»: Զարուհի Փոստանջյանը պահանջել է, որ հանձնաժողովն այս հարցով եւս մեկ լսում հրավիրի, որին ներկա լինեն եւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, եւ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը, եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նաեւ` ռուսական կողմից ներկայացուցիչներ: Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ եւ լսումներ հրավիրելու հարցի, եւ հրավիրվող անձանց ցանկի շուրջ համաձայնության չեն եկել: Մասնավորաբար, ռուսական կողմից ներկայացուցիչ հրավիրելու մասով մյուս պատգամավորները կարծիք են հայտնել, որ պարզապես չեն գա: Փոստանջյանը պնդել է. «Ոչինչ, մենք հրավիրենք, թող իրենք մերժեն կամ ընդհանրապես չպատասխանեն»:
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է` հանրության համար բազմաթիվ չպարզաբանված հարցերի պատասխանները հայ խորհրդարանականները պետք է ջանան գտնել: «Ժառանգության» պատգամավորն ասում է, որ հարցին մոտեցումների վերաբերյալ մյուս պատգամավորներն իրենց տարբերակները չեն առաջարկել: Հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Հովհաննես Սահակյանն իրեն առաջարկել է ասելիքը գրավոր ձեւակերպել, ներկայացնել հանձնաժողովին` որոշում կայացնելու համար: «Ակնհայտ է, որ տրամադրություններ չկան որեւիցե բան քննարկելու»,- եզրակացնում է Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ հավանաբար ինքն իր առաջարկները հայտարարության նախագծի տեսքով կդնի շրջանառության մեջ: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հարցը շրջանցելու առիթ չի տեսնում: Ասում է` առաջարկներն իրատեսական չէին, ուստի մեր գործընկերները համաձայնության եկան գրավոր դիմել հանձնաժողովի նախագահին, որպեսզի հանձնաժողովի անունից դիմենք համապատասխան եւ պատկան իրավապահ մարմիններին ու եւս մեկ հանդիպում կազմակերպենք՝ ԱԺ-ում լսումների կամ հանձնաժողովում` աշխատանքային տարբերակով, ու պատկերացում կազմեն գործի ընթացքի մասին: Հարցին` տիկին Փոստանջյանի ո՞ր առաջարկներն իրատեսական չէին, Հովհաննես Սահակյանն ասաց, որ ռուսական կողմից ներկայացուցիչ հրավիրելու. «ՀՀ պատգամավորներն ի պաշտոնե նման լիազորություններով օժտված չեն, որ ՌԴ պատկան մարմիններին հրավիրեն ԱԺ` զեկուցման կամ լսումների: Դա այլ գործընթաց է, այլ հարթության մեջ: Մենք կարող ենք հրավիրել մեր պետական մարմինների ցանկացած ներկայացուցչի»:
«Առանց մեղադրյալի հնարավոր չէ իրականացնել դատաքննություն, եւ այսօր, փաստորեն, այս գործը փակուղի է մտած»,- ասում է Զարուհի Փոստանջյանը` նկատի ունենալով հայկական կողմում իրականացվող նախաքննությունը: Ավետիսյանների փաստաբանների հրապարակած փորձաքննության արդյունքներով ընդդիմադիր պատգամավորը չի կարողացել գործի ողջ պատկերն իր համար ուրվագծել: Նա էլ այն կարծիքին է, որ գործի վարույթները պետք է միացնել: Այս պարագայում Զարուհի Փոստանջյանն անվիճելի է համարում Հայաստանի քաղաքական մարմնի հստակ դիրքորոշման առկայությունը. «Գործը պետք է քննության առարկա դառնա ՀՀ դատական ատյաններում եւ գտնվի ՀՀ իշխանությունների իրավազորության ներքո: Ակնհայտ է, որ իրավունք է խախտվել: 7 մարդ սպանվել է, ու չկա մեղադրյալ: Եթե իրապես այդ անձն է մեղադրյալը, նա պետք է գտնվի ՀՀ իրավազորության ներքո: Բայց ոչ մի պետական մարմին, պաշտոնյա չի ցանկանում դա պահանջել»: Պատճառն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, գործի «խորը արմատներն են», այլապես նա Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու որեւէ խնդիր չի տեսնում, մանավանդ, որ 1999 թվականին նման նախադեպ եղել է` Գյումրիում ռազմաբազայի զինվորների կողմից իրականացված սպանության գործը ՀՀ դատարանն է քննել: Գործի «խորը արմատներ» ասելով մեր զրուցակիցը հասկանում է. «Այս դեպքը եղեռնագործություն էր: Եղեռնից հարյուր տարի անց երեք սերնդի ներկայացուցիչներ դաժանաբար սպանվեցին: Այստեղ մենք հետքը պետք է փնտրենք նաեւ մեր հակառակորդի, թշնամու մեջ: Պատվերը, հավանաբար, այդտեղից է եկել: Սա է, որ ամենասարսափելին է: Չեն ցանկանում, որ դա բացահայտվի, հավանաբար»:
Հակառակորդ ասելով՝ մեր զրուցակիցը նկատի ունի թուրքական կողմին: Այլ տրամաբանական մեկնաբանություններ նա չի գտնում եւ կարծում է, որ սա էլ մի վարկած է, որը պետք է քննության առարկա դառնա:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.05.2015