Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ի բանավեճը, Խոսրով Հարությունյանի ունեցվածքն ու Վառնայի բնակարանը (Տեսանյութ)

Մայիս 18,2015 17:00

Խոսրով Հարությունյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դառնալուց հետո բիզնեսի գործերը վատացել են, ունեցվածքն էլ չի ավելացել

ԱԺ-ում ամեն անգամ թեժ բանավեճ է լինում, երբ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը կամ նրա քաղաքական ընդդիմախոսները հիշում են «ՀՀՇ-ի ժամանակները»:

Այդպես եղավ նաեւ վերջին քառօրյա նիստերի ժամանակ, երբ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Խոսրով Հարությունյանին մեղադրեց իր անցյալի վրա «թքելու» մեջ: «Առավոտը» Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց՝ ՀԱԿ խմբակցության պատգամավորները Ձեզ մեղադրեցին, որ Ձեր բարեկամներին գործի տեղավորելու համար, Ձեր բիզնեսների համար ՀՀԿ-ի ցուցակ եք մտել եւ քննադատում եք ընդդիմադիրներին, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Նախ, թող ինձ առարկայորեն ասեն, կոնկրետ օրինակով, որովհետեւ ես փաստերով եմ խոսում: Երկրորդը՝ ես սկզբունքորեն դեմ եմ պատմության սրբագրմանը: Իսկ մենք ականատես ենք լինում, թե ինչպես ամեն անգամ ամեն մի ելույթով մարդիկ փորձում են անցյալը լրիվ փոխել: Այնպիսի տպավորություն է, թե մենք ամնեզիայով ենք տառապում: Ես այն քաղաքական գործիչներից եմ, որը երբեւէ իրեն թույլ չի տվել այդ ժամանակաշրջանի նկատմամբ բացահայտ եւ հրապարակային արտահայտություններ անել: Ես համարել եմ, որ ոչ ստանդարտ իրավիճակ էր, մենք կարող էինք սխալվել բոլորով, եւ որեւիցե մեկին մեղադրելու ցանկություն չունեմ: Բայց երբ որ ես տեսնում եմ՝ ակնհայտ փորձում են սեւը սպիտակ ներկայացնել, հասկանո՞ւմ եք, ներկայացնում են, որ մենք ապրել ենք մեր նորանկախ Հայաստանի լավագույն շրջանում՝ ծաղկուն պետություն, դինամիկ զարգացող տնտեսությո՛ւն: Սա ես անթույլատրելի եմ համարում»:

Մեր դիտարկմանը, որ Արամ Մանուկյանը ատոմակայանի փակման հետ կապված փաստաթղթեր բերեց՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց, թե իր բարեկամների՛ հետ կապված պետք է փաստեր բերեր, ոչ թե ատոմակայանի. «Ատոմակայանի հետ կապված փաստեր պետք չի բերել: Կարծում եք, թե ԽՄԿԿ-ի կենտրոնական կոմիտեն փակե՞ց, թե՞ ժողովրդի ճնշման տակ փակեց: Ժողովրդի ճնշման տակ փակեց ատոմակայանը: Եվ իր նշած ակադիկները՝ Վելիխովը, Կոխը, նրանք ըստ էության այդ կարծիքին չէին: Բայց երբ որ տեսան ՀՀՇ-ն ամբողջ ժողովրդին հանել է ոտքի, ասեցին՝ ոՏսՖՔպ ՉրպչՏ վՈՎ վՈՊՏ?: Ինչո՞ւ պետք է մենք ձեր փոխարեն պատասխանատվություն վերցնենք, ուզում եք փակե՞լ «Նաիրիտը»՝ կփակենք, ուզում եք կասեցնե՞լ Եղվարդի ջրամբարի շինարարությունը՝ կկասեցնենք, ուզում եք, որ շինարարները դո՞ւրս գան աղետի գոտուց՝ դուրս կգան: Ո՞վ է արել, ե՞ս եմ արել դա: Ամեն տարի դեկտեմբերի 7-ը նախկին իշխանությունների համար սեւ օր էր, որովհետեւ բոլորը վախենում էին մտնել Գյումրի: Միայն Տեր-Պետրոսյանը բոլորի փոխարեն սուսուփուս վեր էր կենում գնում էր եւ կառավարության հասցեին լուտանքներ, անեծքներ լսում, հետ էր գալիս: Դե, թող ինձ ասեն որեւէ շենք, որ կառուցվել է Գյումրիում իրենց ժամանակ, թող մի օրինակ բերեն: Լսեք, բոլոր ձեռնարկությունները կանգնած էին, ո՞ր ձեռնարկությունն էր աշխատում՝ Կաբելի գործարա՞նն էր աշխատում, Ռելեի գործարա՞նը»: Մեր դիտարկմանը, որ պատերազմական վիճակում էինք, դժվար ժամանակներ էին՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ի՞նչ ռազմական վիճակ, այսինքն՝ պատերազմի ժամանակ բոլոր գործարանները պիտի կանգնեի՞ն: Պետք չի պարծենալ: Խոսքը գնում է պարծենկոտության մասին: Երբեւէ դուք լսե՞լ եք, որ ես պարծենամ, թե ես հաց բերեցի Թուրքիայից: Վարչապետ էի, բա ես որ չբերեի, ո՞վ պիտի բերեր: Բա ես իմ գործն եմ արել»:

Հետո նա դիմեց Հրանտ Բագրատյանին. «Դու էլ վարչապետ էիր, դու ատոմակայանը չբացեիր, բա ո՞վ պիտի բաց անի: Ինչո՞ւ ես ներկայացնում, թե դա պիտի մտներ համաշխարհային պատմության էջերում»:

Ինչ վերաբերում է Խոսրով Հարությունյանի բարեկամներին եւ բիզնեսներին, մեր դիտարկմանը, որ Դուք էլ եք ընդունել, որ շինարարության, ծառայությունների եւ սպասարկումների ոլորտներում բիզնեսներ ունեք՝ նա հակադարձեց. «Ո՞ր շրջանում, երբ որ վարչապե՞տ եմ եղել: 2002-2006-ին է եղել, երբ ես որեւէ պաշտոն չեմ ունեցել: Ես բավականին փորձառու մարդ եմ եւ բիզնեսի ոլորտում կարող եմ որոշումներ կայացնել, եւ ո՞վ ասեց, որ եթե ես պաշտոնյա չեմ, ես պիտի մուրամ: Ես խոսում եմ պաշտոնը սեփական նպատակներին ծառայեցնելու մասին»:

Մենք ճշտեցինք՝ հիմա այդ բիզնեսները չե՞ն գործում՝ պատգամավորը պատասխանեց. «Մեծ մասը՝ ոչ: Իսկ մեկն աշխատում է, ես տվել եմ հավատարմագրային կառավարման, չեմ էլ զբաղվում»:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դառնալու այս տարիներին այդ բիզնեսները չե՞ն բարգավաճել՝ նա վստահեցրեց. «Չէ՛, պատկերացրեք, հիմա բավականին վատ է վիճակը»: Նա հավաստիացրեց, որ ունեցվածքն էլ չի ավելացել. «Հայտարարագիր եմ ներկայացրել, վերցրեք նայեք»: Երբ ասացինք, որ նայել ենք եւ բավականին լավ տպավորություն ենք ստացել՝ Վառնայում բնակարան, Սեւանում՝ հանգստյան տուն… Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Տեսեք, որ ես այդ բոլորը ձեռք եմ բերել 2005, 2006, 2007-ին, երբ որ ո՛չ կառավարության մեջ եմ եղել, ո՛չ պատգամավոր, ոչ մի բան չեմ եղել»:

Հարցին՝ եթե ոչինչ ձեռք չեք բերել պատգամավորությամբ, ինչի՞ համար են ձգտում պատգամավոր դառնալ՝ նա պատասխանեց. «Ես քաղաքականությամբ եմ զբաղվում՝ ի տարբերություն շատերի, այդ թվում՝ նրանց, ովքեր ինձ քննադատում են»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031