Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնիսաժում հնագիտական ցուցանմուշների ազատ վաճառք է. փորձագետ

Մայիս 18,2015 13:11

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն անհամբերությամբ սպասում է թանգարանների մասին օրենքի ընդունմանը: Օրենքի նախագիծը դեռ ԱԺ-ում է:

«Մերը հնագիտական ուղղվածության թանգարան է, որը գործ ունի հնագիտական ժառանգության հետ, օրենքի գոյությունը շատ կօգներ: Այ օրինակ Վերնիսաժում պարբերաբար նկատում ենք, որ վաճառում են թանգարանների համար հնագիտական արժեք ներկայացնող տարբեր ժամանակների բրոնզե ու կերամիկայից իրեր, դրանք ազատ վաճառվում են, իսկ դրանց շարժը, վաճառքը կարգավորող օրենք պետք է լիներ: Ի վերջո, դրանք թանգարաններ բերելը կարեւոր խնդիրներ են»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Գագիկ Գյուրջյանը:

Նրա խոսքով, կանոնակարգման ենթակա են նաև հարցեր, օրինակ՝ ինչ կարգի տեղեկատվություն պետք է ներկայացնեն Հայաստանի թանգարաններ այցելող զբոսաշրջիկներին և ինչով նրանց պետք է օժանդակեն պատմաբանները:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հակոբյանն էլ անդրադարձավ նախօրեին թանգարանային գիշերվան ու նկատեց, որ հայաստանցիները տարեցտարի մեծ շուքով են նշում թանգարանների միջազգային օրը ու թանգարանային գիշերը այցելուների թիվը նախորդ տարիների համեմատ աճում է. «Բացի դա՝ վերջին տարիներին նկատում եմ, որ քաղաքում մի տեսակ տոնի է վերածվել թանգարանային միջազգային օրը: Երբեմն հարցեր են լինում, թե այդ օրը քաղաքացիները գալիս են, թանգարանում զբոսնում են ու ոչինչ իրականում չեն հասցնում տեսնել, բայց այդպես չէ: Այս տարի նկատեցի, որ նույնիսկ սայլակներով երեխաներին են բերել, այսինքն` ձևավորվում է թանգարան այցելելու կուլտուրան»:

Տիկին Հակոբյանը խոսեց նաեւ պատկերասրահի խնդիրներից, որոնք տարիներով չեն լուծվում ու վտանգում են բարձրարժեք կտավների անվտանգությունը. «Օդափոխության եւ վերելակների խնդիրն է, որ չի լուծվում: Օդափոխության խնդիրը թերեւս ամենաառաջնայինն է, քանի որ նկարների պահպանության խնդիր է առաջացնում: Օդափոխիչները առերեւույթ չենք կարող ցուցասրահներում տեղադրել, իսկ համակարգը ծախսատար է: Ճիշտ է՝ լուրջ կորուստներ չենք ունեցել, բայց ջերմաստիճանի տատանումները՝ տաք-սառը, ազդում են կտավների գույներիի վրա, կտավները խամրում են»:

Նա նկատեց, որ բացի թանգարանային գիշերվանից, իրենց վիճակագրության համաձայն՝ պատկերասրահի այցելուները տարեկան կտրվածքով մեծ թիվ են կազմում ու նախորդ տարիների համեմատ կտրուկ աճել են: Թե այս տարի քանի այցելու են ունեցել, նա դեռ վաղ է համարում ասել. չեն ամփոփել, իսկ անցած տարի 70.000 այցելու են ունեցել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031